Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
Իրանը պատրաստ է իր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:
Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության իրանական բաժնին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև առկա լարվածությանը, նշել է. «Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանն ընտրել են խնդրի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը, և առայժմ այլ մեխանիզմ չեն ընդունել: Իմ կարծիքով, Մինսկի խումբը անկողմնակալ չէ, այդ իսկ պատճառով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մինչ օրս հաջողության չի հասել:
Իրանը, որպես Չմիավորման շարժման կազմակերպության նախագահ և Իսլամական համագործակցության կազմակերպության ակտիվ անդամ պատրաստ է իր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Լեռնային Ղարաբաղը սահմանակից է Իրանին, բնականաբար, մենք անհանգստանում ենք առկա լարվածությամբ, ուստի եթե կարողանանք աջակցել խնդրի կարգավորմանը, ապա այդ հարցում ոչ մի ջանք չենք խնայի»:
Նկատենք, որ «Թրենդի» կայքում թողարկված Իրանի դեսպանի հարցազրույցուցի տեսաձայնագրության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին հատվածն ընդգրկված չէ:
Արցախյան հակամարտության ժամանակակից փուլը սկիզբ է առել 1988թ-ին, երբ ի պատասխան 1921 թ. խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) բնակչության ինքնորոշման խաղաղ պահանջին` Ադրբեջանի իշխանությունները էթնիկ զտումներ իրականացրեցին հայ ազգաբնակչության նկատմամբ նախ` Ադրբեջանի մեծ քաղաքներում, ապա Արցախում: 1991թ-ի սեպտեմբերին Արցախը հռչակեց անկախություն, որի արդյունքում Ադրբեջանը սաստկացրեց բռնությունները և սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ Արցախի դեմ: Ռազմաճակատում մի շարք պարտություններից հետո Ադրբեջանի իշխանությունները 1994թ. մայիսին ստիպված էին զինադադար խնդրել Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): Ներկայումս հակամարտության կարգավորման բանակցությունները իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների(Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007-ի նոյեմբերին ներկայացված Մադրիդյան առաջարկների հիման վրա: