Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության հուլիսի 20-ի վճռը և բողոքը մերժեց: Լսելով այս որոշումը դատարանում հավաքված մարդիկ սկսեցին բացականչել «ա-մոթ, ա-մոթ, ստրուկներ, ողորմելիներ, հանցագործներ»:
Նկատենք, որ թեպետ Տիգրան Առաքելյանը բերվել էր դատարան, սակայն ներկա չէր դատարանի որոշման հրապարակման ժամանակ: Ամբաստանյալ մյուս ակտիվիստները դրսում էին: Դատարանի դահլիճում ներկա չէր նաև մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, որը պաշտպան Ստեփան Ոսկանյանի խոսքով, չի եկել, որովհետև գիտե ինչպիսի որոշում է կայացնելու:
Դատարանում ներկա մեծաթիվ մարդիկ ու երիտասարդներ անգամ թույլ չտվեցին որոշումը հրապարակող դատավոր Դանիելյանին ավարտել տեքստի ընթերցումը: Երիտասարդները պահած բողոք արտահայտող պաստառներ սկսեցին ոտքերով ուժեղ խփել հատակին ու բացականչել` «ա-մոթ, ա-մոթ, հանցագործներ»: Բողոքի ակցիան դատարանի նիստերի դահլիճից շարունակվեց նաև դրսում:
Նշենք, որ երեկվա նիստում դատավորը թույլ չէր տվել պաշտպանական կողմին հանդես գալ պաշտպանական ճառով և հայտարարել էր, որ դատարանը գնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:
Հիշեցնենք` հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստներ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գևորգյանը մեղադրվում են 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի համար: