Է.Շարմազանով. ՀՀԿ-ն միշտ ֆորա տվողի կարգավիճակում է եղել
«Հանրապետականն է ֆորա տալիս և ՀՀԿ-ն միշտ ֆորա տվողի կարգավիճակում է եղել: Պարոն երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը. Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր կարծիքներին»,- Ազգային Ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որում վերջինս գրում է, թե ափսոսում է, որ չի ավարտել մեծամասնական պատգամավորների թվի կրճատումը, քանզի իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Է.Շարմազանովը ավելացրեց նաև, որ երբեք որևէ մեկը Հանրապետականին ֆորա չի տվել, քանզի դրա կարիքը չի էլ ունեցել:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությանը, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է ընտրատարածքների ֆեոդալականացմանը, Է.Շարմազանովը նշեց, թե մեծամասնական ընտրակարգի հետ կապված Հանրապետականը իր տեսակետը հստակ արտահայտել է Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ: Ինչպես նաև համապատասխան խորհրդարանական լսումների ժամանակ արտահայտել է նաև իր մոտեցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ. «Մեր կարծիքը չի փոխվել և ես կրկնում եմ` մեր այո-ն այո է, ոչ-ը ոչ: Մենք այն քաղաքական ուժը չենք, որ վեց ամիս առաջ իրականացնենք փոփոխություններ ու վեց ամիս հետո ասենք` վայ, կներեք մենք ուրիշ կարծիք ունենք»,- նշեց նա` հավելելով, որ Հանրապետականը, ի տարբերություն ուրիշ ուժերի, երբեք ձևական ու կոսմետիկ փոփոխությունների հետևից չի գնացել և միշտ առաջնությունը տվել է բովանդակությանը:
Նախորդիվ` Ռոբերտ Քոչարյան. 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնության հետ ես առնչություն չունեմ