ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ խորհրդակցությունները ժողովրդին իրական խնդիրներից շեղելու միջո՞ց են
Անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու ԲՀԿ-ի առաջարկ-հայտարարությանը` «Голос Армении»-ն գրում է. «Հետաքրքրականն այն է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի ստորագրել իր իսկ կուսակցության հայտարարությունը: Փոխարենը` ընդդիմադիր ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը շտապեցին այս հարցի շուրջ բուռն քննարկումներ ծավալել ԲՀԿ-ի հետ` հասարակության առջև ձևացնելով, թե իրենք խիստ կարևոր հարցեր են քննարկում և բուռն գործունեություն են ծավալում»:
Ըստ թերթի` ԲՀԿ-ի արածը ոչ այլ ինչ է, քան երկրում առկա իրական խնդիրներից ընդդիմադիր ընտրազանգվածին շեղելու միջոց: «Իրականում հասարակությանը հետաքրքիր չէ, թե ինչ կառավարման ձև կունենա Հայաստանը, ժողովրդին հարկավոր է սոցիալ-տնտեսական հարցերի լուծում: Հարց է ծագում. ինչու՞ ԲՀԿ-ն քննարկման առարկա չի դարձնում պետբյուջեն լցնելու հարցը, ստվերային տնտեսության ծավալների կրճատումը, հարկային դիսցիպլինայի կարգավորումը, արտագաղթի հարցերը… Մի՞թե մայիսի 6-ին ԲՀԿ-ին ձայն տված մարդիկ ակնկալում էին այդ կուսակցությունից բացառապես երկրի կառավարման ձևի փոփոխություն»,-գրում է «ГА»-ն` նշելով, որ ԲՀԿ-ն կար և մնում է օլիգարխիկ կուսակցություն, որի գերագույն նպատակն իր առաջնորդի բիզնես-խնդիրների լուծումն է, իսկ ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ խորհրդակցությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական գործունեության իմիտացիա: