Գագիկ Ծառուկյանը Արա Աբրահամյանի տիտղոսը չի գնել
Նոյեմբերի 7-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Հիսուս Քրիստոս Ամենափրկիչ տաճարի սրահներից մեկում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ պարգև է ստացել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հռչակվելով «Տարվա մարդ», այլև Համաշխարհային հայկական կոնգրեսը` Արա Աբրահամյանի գլխավորությամբ։
«Ժողովուրդ»–ը տեղեկացել է, որ Արա Աբրահամյանը ստացել է «Տարվա ամենալավ կազմակերպություն» պարգևը։ Թերթը հիշեցնում է, որ ըստ lragir.am–ի` Գ. Ծառուկյանն իր տիտղոսը գնել է 30.000 ԱՄՆ դոլարով։ Սակայն թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ իրականում ԲՀԿ առաջնորդը 50.000 ԱՄՆ դոլար է վճարել ռուսներին՝ ըստ էության, գնելով նաև Արա Աբրահամյանի տիտղոսը։ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը, սակայն, հերքել է լուրը՝ ասելով. «Ինքն էլ ոչ պակաս ֆինանսական կարողություններ ունի, և չեմ կարծում, որ ուրիշի կարողությունները կօգտագործի որևէ տեղում»։ Նրա խոսքով՝ Արա Աբրահամյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանն է` «Բավարար չէ՞ այսքանը»։