ԱՆ. Մանկապարտեզի սննդամթերքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:
Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:
«Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում»,-նշում են նախարարությունից:
Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել: Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանիշներով երեխաներ էին տեղափոխվել հիվանդանոց:
Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները Արարատ գյուղի մանկապարտեզ հաճախող 3-6 տարեկան երեխաներն են: Երեխաները ունեցել են սրտխառնոց, փսխում, որոնք առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է, քանի որ նշաններն ի հայտ են եկել միամոմենտ, և վարակի գաղտնի շրջանի տևողությունն ու կլինիկական ախտանշանները բնորոշ են սննդային թունավորմանը:
Նախորդող հրապարակում`
Թունավորում Արարատ գյուղի մանկապարտեզում. Պատճառը սնունդն է
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են