Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում սիբիրյան խոցով երեք հիվանդ
Արագածոտնի մարզի Ուշի համայնքում արձանագրված սիբիրյան խոց հիվանդության կասկածելի դեպքի լաբորատոր կրկնակի հետազոտության արդյունքում սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին նախարարությունից տեղեկացրել էին, որ բնակչուհու մոտ ախտորոշվել է սիբիրյան խոց, նա բուժում է ստանում «Նորք» բժշկական կենտրոնում:
Նախարարության տրամադրած տվյալներով, ներկայումս Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում երեք հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:
Սիբիրյան խոց հիվանդության առաջին ահազանգը նախարարությունը ստացվել է հոկտեմբերի 16-ին, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել է հիվանդության մաշկային ձևի կասկածելի 1 դեպք: Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայության կողմից ՀՀ ԱՆ տեղեկատվություն է ստացվել, որ Վարդենիսի տարածաշրջանից Երևան բերված մսեղիքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ:
Ելնելով ստեղծված իրավիճակից` ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել է իրավիճակի վերլուծություն, որի արդյունքում անհապաղ ձեռնարկվել են կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ, բակային համայցեր, բնակչության իրազեկման բարձրացման նպատակով մշակվել են հուշաթերթեր, կազմակերպվել առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Բակային համայցերի արդյունքում Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան համայնքներում հայտնաբերված սիբիրյան խոց կասկածելի 51 հիվանդը հոսպիտալացվել է։ Կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ, հիվանդների տնային օջախներում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 16 դեպք, որից 8-ում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ, իսկ մյուս 8-ի պատասխանը եղել է թույլ դրական` պայմանավորված վերքերի վաղեմությամբ և հիվանդների կողմից հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ։ Անկախ լաբորատոր հետազոտությունների արդյունքներից, հայտնաբերված 51 հիվանդն ստացել է անհրաժեշտ բուժում։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կենդանիների անկման մասին տրված տեղեկատվության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվել նաև ՀՀ Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզերում: Վարակված կենդանիների և դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
Սիբիրյան խոց հիվանդության համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից խոսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել վերը նշված բոլոր համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:
Իրավիճակը վերահսկելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա