Որտե՞ղ է ծախսվում համայնքի բյուջեն. Նոյեմբերյանի քաղաքապետը մի զուգարանը քանդել, մյուսն է կառուցում
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի և քաղաքի միջին բիզնեսի ներկայացուցիչ Սամվել Գիշյանի ջրերը մեկ առվով չեն հոսում: Գործարարին պատկանող և քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հարսանյաց սրահի կողքին քաղաքապետարանը, քաղաքապետի ու ավագանու որոշմամբ, հասարակական զուգարան է կառուցում:
Բայց ամենատարօրինակն այն է, որ քաղաքապետարանի որոշմամբ քանդվել է գործարարի կառուցած հասարակական զուգարանը, դրա փոխարեն համայնքի բյուջեից կառուցվում է նորը` քաղաքի կենտրոնական հատվածում, Նոյեմբերյանի նախկին շուկայի ու Գիշյանին պատկանող հարսանյաց սրահի հարևանությամբ: Իսկ նախկին զուգարանը, որը կառուցել էր գործարարը, հարսանյաց սրահից ավելի հեու էր, իսկ ծավալով` ավելի փոքր:
Սամվել Գիշյանն ու նրա ներկայացուցիչ Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը դիմել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անօրինական ճանաչել կառուցվող զուգարանը: Իսկ այն, որ կառույցն անօրինական է, ըստ Մարոզյանի, փաստում է առողջապահության նախարարի կողմից ընդունված իրավական նորմը այն մասին, որ զուգարանները պետք է կառուցվեն հասարակական սպասարկման օբյեկտներից 50 մետր հեռավորության վրա, մինչդեռ քաղաքապետարանը զուգարանը կառուցում է Գիշյանի հարսանյաց սրահից ընդամենը 16-20 մետր հեռավորության վրա:
«Մարդու հյուրանոցի ճանապարհը փակում են, և փաստորեն, մարդկանց սպասարկման համար նախատեսված կառույցը հայտնվում է փակուղու մեջ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատում է Մարոզյանը: Կառուցվող զուգարանն անհանգստացնում է նաև քաղաքի բնակիչներին, և Մարոզյանի խոսքով, տասնյակ մարդիկ ստորագրություններ են հավաքել` բողոքելով զուգարանի կառուցումից ու հնարավոր բույրից:
Բացի քաղաքապետարանի «անօրինական գործողություններից», Գիշյանն ու Մարոզյանն արդեն հանդիպել են «դատարանի կողմնակալ ու անարդար վերաբերմունքին»:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Նոյեմբերյան) Գիշյանի հայցադիմումը վարույթ ընդունվել է, քննվում է, սակայն դատավոր Աշոտ Խաչիկյանի որոշմամբ մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու և շինարարությունը դադարեցնելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը:
«Մերժեց մեր միջնորդությունը և հայցի ապահովում չկիրառեց: Բայց ինձ համար տարօրինակ էր` ի՞նչ տրամաբանությամբ. եթե վարույթը ձգվի, այդ դեպքում զուգարանը կկառուցեն, առանց այն էլ հիմա արագ-արագ գործ են անում: Դատավորը մի քանի անգամ քաղաքապետարանի իրավաբանին հարցրեց, թե շինարարական աշխատանքներ ընթանում են և ստացավ դրական պատասխան: Եվ այդքանից հետո նա մերժեց մեր միջնորդությունը և հայցի ապահովման միջոց չկիրառեց», -դատավորի սխալը նկատում է Մարոզյանը` պնդելով` «մեր դատարանները աշխատում են պետպատվերով, իսկ քաղաքացին մնում է անպաշտպան»:
Մինչ Մարոզյանի խոսքով, անօրինական զուգարանի ճակատագիրը վիճարկվում է դատարանում, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը վստահ է` զուգարանը կսկսի աշխատել մինչև դեկտեմբերի 20-ը:
«Իմ կարծիքով այդ կառույցը իրեն ոչ մի ձևով էլ չի խանգարում: Ժամանակին ինքն անձամբ այդ վայրում ունեցել է հասարակական զուգարան վճարովի, և մարդիկ օգտվել են: Ուղղակի ինքը քանի որ դա չի օգտագործում, մենք այլ տարածք չունենք համայնքի կենտրոնում զուգարանի համար հատկացնելու, և նպատակահարմար ենք գտել ավագանու հետ միասին, որ այդ տարածքը հատկացնենք հասարակական զուգարան կառուցելու համար: Ֆինանսավորումը մեզնից է, ունենք այդ գումարը, աշխատանքներն սկսված են», -ասում է Նոյեմբերյանի քաղաքապետը:
Նրա խոսքով, զուգարանը քաղաքապետարանի բյուջեի վրա արժեցել է շուրջ 7 մլն դրամ: Քաղաքապետից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ որոշվել նորից զուգարան կառուցել, երբ արդեն քաղաքում մի զուգարան կար: Ի դեպ, Նոյեմբերյանի բնակչությունը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 5500 մարդ: «Չկար, կակռազ ընդհանրապես չունեինք: Ինքը (նկատի ունի Սամվել Գիշյանին-հեղ.) որ ունեցել ա, այլևս չկա, քանդել ենք, քանի որ այդ տարածքը նույնպես իրենը չէր, և մենք նպատակահարմար գտանք ֆուտբոլի դաշտի պատրաստման աշխատանքներին զուգահեռ, զուգարանն էլ կառուցենք», -մեր հարցին ի պատասխան ասում է քաղաքապետ Ամիրաղյանը:
Նրանից փորձեցինք նաև պարզել` զուգարանի կառուցումն է շատ անհրաժե՞շտ քաղաքի համար, թե՞ երաժշտական դպրոցի, որը հիմա խարխուլ վիճակում է: Մեր այս հարցին, Ամիրաղյանը բուռն արձագանքեց. «Էդ արդեն թույլ տվեք մենք որոշենք: Միանշանակ զուգարանը անհրաժեշտություն է»:
Պարոն Մարոզյանն ասում է նաև, որ քաղաքապետը զուտ անձնական-ընտանեկան խնդիրների պատճառով գործարարի դեմ է դուրս եկել և, տարածքները նրանից վերցնելով, վրեժ է լուծում, սակայն Ամիրաղյանը համաձայն չէ դրա հետ: «Այդպիսի բան չկա, նման բան մտածելը հիմարություն է: Ընդհանրապես, որևէ մեկի դեմ վրեժ չունեմ, առավել ևս իրա դեմ: Համայնքի ղեկավար եմ և որևէ մեկի հետ իրավունք էլ չունեմ վրեժխնդիր լինել, -արձագանքում է քաղաքապետը:
«Քաղաքապետի պատուհանը անընդհատ նայում էր այն զուգարանի ուղղությամբ, որը կառուցել էր Սամվել Գիշյանը. Եթե անօրինական էր, այն ժամանակ կանգնեցնեիք, չթողեիք կառուցեր: Հասկանում եք` պետական մարմնի անգործության մասին է խոսք գնում. թույլ են տալիս մարդկանց ծախսեր անել, գործ անել ու հիմա արգելում են», -իր հերթին պնդում է Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում