Զարուհի Փոստանջյան. Այդ ֆեոդալներից մեկին դուք եք բերել խորհրդարան
Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հայտարարության այն հատվածին, որտեղ խոսվում էր ֆեոդալականացման մասին: «Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման», -ասել էր երկրորդ նախագահը:
Այդ առնչությամբ Զարուհի Փոստանջյանը ասաց, որ ֆեոդալականացման գործընթացը զարգացում ապրել է հենց երկրորդ նախագահի իշխանության տարիներին: «Պետք է հուշեմ երկրորդ նախագահին, որ դուք եք այդ ֆեոդալներից մեկին բերել խորհրդարան, որը այժմ խորհրդարանի աշխատանքներին չի մասնակցում, այդ ֆեոդալներից է նաև Սյունիքի մարզպետը», -հայտարարեց տիկին Փոստանջյանը:
Փոստանջյանից հետո խորհրդարանի ամբիոնին մոտեցած Հանրապետական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը արձագանքելով Փոստանջյանի հայտարարությանը նկատեց. «Ֆեոդալիզմը վաղուց է վերացել մեր տարածաշրջանից»: