Խորխե Օռիկոն սաֆարովյան դեպքի մասին. Դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք ոճրագործություն են
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացրել է սաֆարովյան գործը, այն գնահատելով որպես աննախադեպ երևույթ, քաղաքական նպատակներով իրականացված անբարոյական քայլ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ թե Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացին, թե տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության հաստատմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերը և միջազգային հանրության դատապարտող արձագանքները:
Սաֆարովի դեպքի առնչությամբ Խորխե Օռիկոն նշել է, որ Ուրուգվայը դատապարտում է այդ արարքը, որտեղ էլ այն տեղի ունեցած լինի:
«Մենք միշտ պայքարել ենք մարդկանց հավասար իրավունքների համար: Դատապարտում ենք բոլոր այն գործողությունները, որոնք ոճրագործություն են: Մարդու իրավունքների պաշտպանությունը մեծ կարևորություն ունի միջազգային ասպարեզում, և պատրաստ ենք աջակցել բոլոր այն հակամարտությունների ու վիճահարույց խնդիրների լուծմանը, որոնք կընթանան խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը դրա լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Մեզ համար շատ կարևոր է հրադադարի պահպանումն ու համարտության լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-նշել է Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Հանդիպման վերջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման և միջպետական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյին պարգևատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով: Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Ռուբեն Մարտինեսը պարգևատրվել է ԱԺ պատվոգրով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան