Հայաստանի հավաքականը տարին ավարտեց հաղթական նոտայով (Լուսանկարներ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Լիտվայի ընտրանուն, որն ընդգրկված է աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական «G» խմբում և 4 խաղից հետո 4 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում: Հայաստանի ընտրանին իր ընտրական խմբում նույնպես 4-րդ տեղում է, սակայն 3 միավոր է վաստակել 3 խաղում: Թվում է` սա հավասար հնարավորություններ ունեցող թիմերի մրցակցություն էր և պետք է անցներ լարված ու անզիջում պայքարում…
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը չէր կարող հույսեր կապել 3 ֆուտբոլիստների` Հրայր Մկոյանի, Յուրա Մովսիսյանի և Արթուր Սարկիսովի հետ: Ստեղծված պայմաններում գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարձակման սուր ծայրում դիրքավորել էր Էդգար Մանուչարյանին, իսկ նրանից փոքր-ինչ հետ` Մարկոս Պիզելիին: Եվ հենց Էդգարն էլ դարձավ առաջին գոլի հեղինակ` 7-րդ րոպեին ձախ ոտքով կատարած ցածրից հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասի հեռավոր անկյունը: Տպավորությունն այնպիսինն էր, որ եթե հայ ֆուտբոլիստները ցանկանային ավելացնել արագությունը, վտանգավոր պահերն ու գոլերը կհաջորդեին միմյանց: Սակայն մեր ֆուտբոլիստները դանդաղ էին գործում, ինչից օգտվելով` լիտվացիները խաղադաշտի կենտրոնում մամլիչ գործողությունների միջոցով տիրում էին գնդակին և հակագրոհներ կազմակերպում: Հանուն արդարության` պետք է նշել, որ առաջին խաղակեսում նրանք ոչ մի վտանգավոր պահ չստեղծեցին Հայաստանի հավաքականի դարպասի մոտ: Լիտվայի ընտրանին հույսեր էր կապում ստանդարտ իրավիճակների հետ, որոնց իրացմումը նույնպես ոչինչ չտվեց նրանց:
2-րդ խաղակեսն արդարացրեց սպասելիքները: Արդեն 49-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դեպի դարպասը, այն հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից և վրա հասած Կառլեն Մկրտչյանը հաշիվը դարձրեց 2:0: Ընդամենը 6 րոպե անց մեր ֆուտբոլիստները կրկին կենտրոնով գերազանց գրոհ կազմակերպեցին, որը ևս ավարտվեց դարպասի գրավմամբ: Հենրիխ Մխիթարյանը գնդակը տեղաշարժեց դեպի աջ` Արազ Օզբիլիսին, ներխուժեց տուգանային հրապարակ, գնդակը ստացավ Օզբիլիսից և մեկ հպումով այն ուղարկեց դարպասը` 3:0:
Իրադարձությունների նման ընթացքը, բնականաբար, չէր բավարարում հյուրերին, և նրանք ակտիվացան: 66-րդ րոպեին Արթուրաս Ռիմկևիչյուսը սուր անկյան տակ կատարած հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` 3:1: Սակայն ընդամենը մի քանի րոպե անց Արազ Օզբիլիսը վերականգնեց 3 գոլի տարբերությունը` տեխնիկապես բարձր կատարմամբ գնդակն ուղարկելով դարպասի հեռավոր անկյունը:
Այնուհետև Վարդան Մինասյանը հանգստանալու հնարավորություն տվեց առաջատարներին` Հենրիխ Մխիթարյանին և Արազ Օզբիլիսին, ինչի շնորհիվ լիտվացիներին հաջողվեց տիրել նախաձեռնությանն ու ևս մեկ գոլ խփել: 81-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և Արթուրաս Ռիմկևիչյուսը վստահորեն իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով, տարին ավարտեց դրական նոտայով և հենց այդ տրամադրությամբ էլ պետք է նախապատրաստվի մարտի 26-ին Չեխիայի ընտրանու հետ կայանալիք պաշտոնական հանդիպմանը:
Հայաստան-Լիտվա` 4:2
Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Սարգիս Հովսեփյան (Արտակ Եդիգարյան, 5, Հովհաննես Համբարձումյան, 63), Ռոբերտ Արզումանյան (Տարոն Ոսկանյան, 28), Վալերի Ալեքսանյան, Կամո Հովհաննիսյան, Գևորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան (Արթուր Եդիգարյան, 81), Հենրիխ Մխիթարյան (Մասիս Ոսկանյան, 69), Մարկոս Պիզելի, Արազ Օզբիլիս (Էդգար Մալլաքյան, 75), Էդգար Մանուչարյան (Դավիթ Մանոյան, 15):
Լիտվա- Գեդրիուս Առլաուսկիս (Էռնեստաս Սետկուս, 46), Վիտաուտաս Անդրիուսկևիչյուս, Աուրիմաս Վիլկաիտիս (Տադաս Կիսանսկաս, 60), Մինդաուգաս Պանկա, Էդգարաս Չեսնաուսկիս, Դեյվիդաս Մաթուլևիչյուս, Սաուլյուս Միկոլյունաս (Գեորգաս Ֆրեյդգեյմաս, 46), Լինաս Պիլիբայտիս (Արթուրաս Ռիմկևիչյուս, 62), Կարոլիս Չվեդուկաս, Ֆյոդոր Չեռնիխ (Վիտաուտաս Լուկշա, 66), Մարիուս Ստանկևիչյուս:
Գոլերը` Էդգար Մանուչարյան, 7 (1:0), Կառլեն Մկրտչյան, 49 (2:0), Հենրիխ Մխիթարյան, 55 (3:0), Արթուրաս Ռիմկևիչյուս, 66 (3:1), Արազ Օզբիլիս, 69 (4:1), Արթուրաս Ռիմկևիչյուս, 81 (4:2):
Ք. Երևան, 14 նոյեմբերի 2012 թ., «Հանրապետական» մարզադաշտ:
Զգուշացումներ` Լինաս Պիլիբայտիս (41), Մինդաուգաս Պանկա (48), Վիտաուտաս Լուկշա (68), Մարիուս Ստանկևիչյուս (85):
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում