Ռուբեն Հայրապետյանը բարկացել է բժշկի վրա, բայց չի ծեծել. ՀՖՖ նախագահի խորհրդական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ոչ մեկին, նաև բժիշկ Վարդան Հովասափյանին չի ծեծել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը` մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ տարածված լուրերը:
«Ես պաշտոնապես հերքում եմ այդ լուրը` ոչ, այդպիսի բան չի եղել»,- ասաց Մանուկյանը:
Հարցին, թե որտեղ է բժիշկը, որը լուրը տարածվելուց հետո որևէ մեկնաբանություն չի արել, Մանուկյանը պատասխանեց հարցով. «Այդ հարցին, ձեր կարծիքով, ե՞ս պետք է պատասխանեմ»:
-Պարոն Մանուկյան, դուք տարօրինակ չե՞ք համարում, որ բժիշկը` Վարդան Հովասափյանը, չկա:
-Բայց ես չգիտեմ, թե բժիշկը կա՞, թե՞ չկա: Ես բժշկի մասին տեղեկություն չունեմ, հասկանում եք:
-Այս լուրերից հետո, դուք փորձե՞լ եք կապվել բժշկի հետ:
-Ես կարիք չունեմ և բժշկի հետ կապվելու ցանկություն չունեմ, որովհետև այս պարագայում ես իրականացնում եմ իմ պաշտոնական պարտականությունները: Բժիշկը «Փյունիկ» ակումբի բժիշկն է: «Փյունիկ» ակումբը բժշկին հեռացրել է աշխատանքից և ոչ միայն բժշկին: «Փյունիկ» ակումբն այդ մասին տարածել է հայտարարություն: Իսկ ինչու լրագրությանը չի հետաքրքրում, թե ինչ անմարդկային արարք է կատարել բժիշկը, որը թողել է ֆուտբոլիստին առանց օգնության: Ֆուտբոլի ֆեդերացիան ունի ութ ակումբ և ես որպես ՀՖՖ նախագահի խորհրդական, ի վիճակի չեմ և եթե ի վիճակի էլ լինեմ, ցանկություն չունեմ իմանալ` որտեղ են ակումբների բժիշկները, մասաժիստները, տեղակալները, ադմինիստրատորները և այլն:
-Իսկ Ռուբեն Հայրապետյանը բարկացե՞լ է բժշկի պահվածքից:
-Իհարկե, բարկացել է, բա չի՞ բարկանա: Ամեն ինչից, ինչը կապված է ոչ մարդկային, ոչ կարգապահ, ոչ նորմալ արարքների հետ, այո, նա բարկանում է: Ես գիտեմ, որ բարկացել է, այո, իհարկե, բարկացել է:
-Իսկ անձամբ նկատողություն արե՞լ է:
-Ես նրա ստվերը չեմ, որ ասեմ` անձամբ նկատողություն արե՞լ է, տեսե՞լ է, թե՞ ոչ: Պաշտոնապես նկատողություն «Փյունիկի» ակումբի գլխավոր մարզիչին կամ բժշկին, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չպետք է անի, դա ակումբի ներքին խնդիրն է: Երբ «Փյունկը» վերադարձել է Կապանից, իմ ունեցած տեղեկություններով, նրանք եղել են ոչ սթափ, ալկոհոլ օգտագործած վիճակում, նորմալ բժշկական սպասարկում չեն իրականացրել ֆուտբոլիստի նկատմամբ, որը վնասվածք է ստացել: Ինձ թվում էր, որ ժուռնալիստներին պետք է առաջին հերթին հետաքրքրեր` ինչու բժիշկը պատշաճ չի կատարել իր գործը:
Panorama.am-ը ավելի վաղ անդրադարձել էր այս թեմային և նշել, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, կատարվածը բավականին բարկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ըստ նույն շրջանառվող լուրերի, Հայրապետյանը ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին դաժան ծեծի է ենթարկում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրել էին, որ Հայաստանի ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել հայաստանյան մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դաժան ծեծի է ենթարկել «Փյունիկ» ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին: