ՊՆ-ում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան
ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում նոյեմբերի 14-ին բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը հնարավորություն կընձեռի ՀՀ Զինված ուժերի սպաներին և քաղաքացիական հատուկ ծառայողներին զարգացնել լսողական և խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում:
Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ:
Ամերիկյան կողմը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի լաբորատորիաների դերը և դրանց ավելացումը:
Ամերիկյան անգլերենի ուսուցման նմանօրինակ լսարաններ ավելի վաղ բացվել են նաև Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան