Ն.Փաշինյան. «90-ականները մի հիշացրեք. այս կառավարության անդամների մեծ մասը այն իշխանավորներին սուրճ էին մատուցում»
Եթե Standard and Poor’s-ը ուսումնասիրություն անցկացներ, ապա ձեր կառավարությունը կլիներ պատասխաններից խուսափող կառավարությունների շարքի առաջին հնգյակում: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային Ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` դիմելով դահլիճում ներկա գործադրի ներկայացուցիչներին:
Նախաբանից հետո Ն.Փաշինյանը անցավ բուն նյութին` այն հարցին, որն ուղղել էր կառավարությանը, որպեսզի հասկանա, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել ԱԳՆ շենքի վաճառքի հետ.
«Հրայր Թովմասյանի ստորագրությամբ ստացել եմ պատասխան, որտեղ կա երեք իրականությանը չհամապատասխանող պնդում: Առաջինը` տվյալ գործարքը քաղաքաշինական չէ, թեև ըստ օրենքի հենց այդպիսինն է: Նաև նշված էր, որ կարգ չկա նախատեսված հանրային քննարկումների մասին, թեև տեղեկացնեմ, որ համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի ձեր կառավարությունը պետք է այդ կարգը հաստատեր: Եվ երրորդ` Հրայր Թովմասյանը պատասխանում պնդում է, թե մամուլի հրապարակումները նշանակում են, որ հանրությունը լիարժեք մասնակցություն է ունեցել գործարքին»,- թվարկեց նա ու հետաքրքրվեց` ինչպե՞ս են տեղի ունենում նման շենքերի վաճառքները` հաշվի առնելով վերը շարադրվածը:
«Եթե պարոն Փաշինյանի տրամաբանությամբ գնանք, ապա Հայաստանում տարեկան գրանցվող մի քանի տասնյակ հազար անշարժ գույքի առքուվաճառքի ձևակերպումները պետք է դիտարկել որպես քաղաքաշինական ծրագրեր և բոլորի համար պետք է համապատասխան լսումներ իրականացվեն»,- նախևառաջ արձագանքեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ինչպե՞ս է որոշվում նման շենքերի վաճառքը հարցի պատասխանը ստանալու համար նախարարը հորդորեց կարդալ Սահմանադրությունը, որում գրած է, թե կառավարությունն է տնօրինում և տիրապետում գույքը:
«Վաճառքը կառավարության որոշմամբ է եղել և որևէ մեկի համար դա գաղտնիք չէ: Եվ կառավարությունը գտնում է, որ այս դեպքում գործարքը, ի տարբերություն 90-ականների սկզբի իրավիճակին, երբ պարզ չէր` ո՞ւմ եք վաճառում, ինչո՞ւ եք վաճառում և ի՞նչ եղավ այդ տարիների օտարումը, այսօր շատ հստակ է»,- հայտարարեց Հ.Թովմասյանը` ավելացնելով, որ ուսումնասիրով գործարքի պայմանները կարելի է հասկանալ, որ այս անգամ կառավարությունը արդյունավետ է կիրառել իր պետական սեփականության տնօրինման, կառավարման իրավունքը:
Ն.Փաշինյանը զերծ չմնաց արձագանքից.
«Խնդրում եմ իմ հարցերին ի պատասխան 90-ականները մի հիշացրեք, որովհետև նույն կառավարության և ԱԺ ներկայացուցիչներից շատերը, ի տարբերություն ինձ, 90-ականների իշխանավորներին սուրճ էին մատուցում»,-մասնավորապես հորդորեց նա:
Անցնելով Հ.Թովմասյանի պատասխանին, ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը, նախ, հիշեցրեց, որ խոսքը սովորական անշարժ գույքի մասին չէ, այլ հրապարակի շենքի մասին և.
«Կառավարությունը տնօրինում է ոչ թե իր նախնիներից ստացած սեփականությունը, այլ ժողովրդի, պետության սեփականությունը»,- ասաց նա ու շեշտեց` իսկ կառավարությունը դրա սեփականատերը չէ: