Ոստիկանությունն սկսել է ուսումնասիրել Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ հրապարակված լուրերը
Հայաստանի ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել հայաստանյան մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դաժան ծեծի է ենթարկել «Փյունիկ» ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ «Փյունիկ» ակումբի պաշտոնական կայքէջում տեղադրված պաշտոնական հաղորդագրության համաձայն ` «Հայաստանի առաջնության հերթական տուրի ժամանակ «Փյունիկը» Կապանում 0:1 հաշվով պարտություն կրեց «Գանձասարից»: Կապանից Երևան վերադառնալու ճանապարհին մարզական կարգապահությունը և հաստատված նորմերը խախտելու համար ակումբի ղեկավարությունը աշխատանքից ազատել է թիմի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին: Խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար, (ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), ակումբի ղեկավարությունը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել բժիշկ Վարդան Հովասափյանին:
Մարզական կարգապահությունը խախտելու և ոչ սթափ վիճակում գտնվելու համար`(ոգելից խմիչք օգտագործած և խնջույքային տրամադրությամբ), աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի դարպասապահների մարզիչ Արթուր Ավագյանը»:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, կատարվածը բավականին բարկացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ըստ նույն շրջանառվող լուրերի, Հայրապետյանը ակմուբի բժիշկ Վարդան Հովասափյանին դաժան ծեծի է ենթարկել: