Ֆ. Օլանդն առաջարկել է «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը» դարձնել առևտրաարդյունաբերական պալատ
Եռօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակություն այսօր կվերադառնա Երևան:
Իսկ մինչ այդ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկնել է բավականին մեծ և լավ կազմակերպված հայկական համայնք ունեցող Լիոն հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետի, Ֆրանսիայի գործարար համայնքի և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպի առևտրաարդյունաբերական պալատում: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահը խոսել է Ֆրանսիայի և, մասնավորապես, Լիոնի գործարարներին հետաքրքրող վերջին նախաձեռնությունների ու զարգացումների, իրականացվող բարեփոխումների, հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, առևտրատնտեսական պատմական հարաբերությունների ու այդ հարաբերությունների խորացման հեռանկարի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախ Հայաստանի տնտեսական հնարավորությունները, այդ ոլորտում հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել:
«Անցյալ տարվանից Հայաստանում գործում է «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը», և Ֆրանսիայի նախագահ պարոն Օլանդը երեկ առաջարկեց, որպեսզի այն դառնա առևտրաարդյունաբերական պալատ: Մենք հաճույքով կողմ ենք դրան: Այս ակումբը տրամադրում է մասնագիտական, տեղեկատվական աջակցություն, կազմակերպում պարբերական թեմատիկ հանդիպումներ և կոչված է նպաստելու Հայաստանում ֆրանսիական գործարար համայնքի ամրապնդմանն ու ֆրանսիական նոր ընկերությունների ներգրավմանը հայաստանյան շուկա: Միաժամանակ բարձր եմ գնահատում Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Զարգացման ֆրանսիական գործակալության` առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը: Այս գործակալության աշխատանքի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, քանի որ գիտենք նրա հնարավորությունները, քանի որ գիտենք Ֆրանսիայի ղեկավարության ցանկությունները, և քանի որ ինքներս պատրաստակամ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի գործակալության գործունեությունը Հայաստանում լինի հաջողված»- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակից գործարարներին մաղթել է հաջողություններ հետագա ձեռնարկումներում ու համատեղ ծրագրերում՝ ի շահ հայ-ֆրանսիական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին