Ուսանողի օրվա կապակցությամբ բողոքի ակցիա է նախապատրաստվում
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից ուսանողության օրվան ընդառաջ` նոյեմբերի 15-ին բողոքի ցույց է կազմակերպվելու, որն ավարտվելու է երթով: Այն կսկսվի ՀՊՃՀ-ի կենտրոնական մասնաշենքից ժամը 12:00-ին: Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության Կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, այդ օրը կառավարությանը կհանձնեն նաև 7 կետից կազմված նամակ -պահանջագիր:
Մասնավորապես, ըստ բանախոսի, ուսանողական կառույցը պահանջում է ուսանողների համար նվազեցնել մետրոպոլիտենի գինը, հանձնել բուհերում գործող ճաշարանները ոչ առևտրային կազմակերպություններին, իջեցնել ուսման վարձը, ապահովել պետպատվերով ավարտածներին աշխատանքով: Առանձին կետով ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները պահանջում են նաև բուհերում առանձին քաղաքական պայմաններ ստեղծել:
«Մենք գտնում ենք, որ բուհերի ապաքաղաքականացումը մարդու իրավունքների ոտնահարում է: Բուհերն այսօրվա դրությամբ ոչ թե ապաքաղաքականացնում են, այլ` «հանրապետականացնում», - ասաց նա:
Իր հերթին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության Կենտրոնական վարչության անդամ Մհեր Ղազարյանը վստահեցրեց, որ բողոքի ակցիան երկրում նախընտրական զարգացումների հետ որևէ կապ չունի: Նրա խոսքով` ուսանողների հետ կապված հարցերը ԱԺ Դաշնակցության խմբակցության անդամները պարբերաբար բարձրացնում են: Ըստ Մ.Ղազարյանի` կառավարության շենքի առջև, ցույցերը կդառնան շարունակական: «Եթե ուսանողության խնդիրները չլուծվեն ցույցեր կլինեն նաև Ազգային Ժողովի, այնուհետև նախագահական նստավայրի առջև», - ասաց նա:
Պատասխանելով panorama-ի լրագրողի հարցին, թե ինչու ճաշարանների հետ կապված խնդիրները բարձրաձայնվում են կառավարության մակարդակով, ոչ թե բուհերի ղեկավարների` Գերասիմ Վարդանյանն ասաց.«Ճաշարանների տարածքները բուհի կողմից վարձատրության են հանձնվում ինչ որ մի ընկերության, ստորագրվում է պայմանագիր, որից շահում է և բուհը, և ընկերությունը, և ռեկտորը: Մենք առաջարկում ենք ճաշարանները հանձնել շահույթ չհետապնդող կազմակերպություններին, այլ ոչ թե թույլ տալ, որ շահույթը կիսվի»:
Իր հերթին Մ.Ղազարյանը հավելեց, թե «համալսարաններում գոյություն ունեն ճաշարաններ, որտեղ գները ավելի բարձր են, քան սրճարաններում և ռեստորաններում և հասանելի չեն լինում ուսանողների համար»:
Պատասխանելով հարցին, թե ինչի 15-ին, եթե Ուսանողության օրը 17-ին է, Մ.Ղազարյանն ասաց, որ այդ օրը «ուրիշները դահլիճներում միջոցառումներ են անում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա