Աղվան Վարդանյան. Կառավարությունը մնացել է նույն դասարանում: Տարկետման մեջ է
Այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նշել է, որ 2012 և 2013 թվականների բյուջեները նույնն են:
«Ակնհայտ է, որ 2013 թվականին մեր բնակչության բացարձակ գերակշիռ մասը մի փոքր ավելի վատ է ապրելու: Փոխաբերական իմաստով՝ ներկայացվածը ես անվանում եմ «տարկետման բյուջե»: Այսինքն՝ կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել, մնացել է նույն դասարանում: Տարկետման մեջ է: Մինչդեռ այս կառավարության միջուկ տնտեսական թիմը դեռևս 2008-ին համարձակ, հավակնոտ ծրագիր էր ներկայացրել՝ արմատական բարեփոխումներ անցկացնելու, կոնկրետ, շոշափելի արդյունքներ ապահովելու հույսեր ներշնչելով: Այդ հույսերը ի դերև են ելել»,-իր ելույթում ասաց դաշնակցական պատգամավորը:
Հաջորդ տարիների համար տրված խոստումները այս կառավարությունը կատարելո՞ւ է:
«Աշխատանքային միջին կենսաթոշակի չափը, որ 2013-ին 31.400 դրամ է, 2014-ին 40.000, 2015-ին 46.000 դառնալո՞ւ է: Քաղծառայողների բազային աշխատավարձը 2014-ին և 2015-ին 20-ական տոկոսով աճելո՞ւ է, նվազագույն աշխատավարձը 2014-ին 45.000, 2015-ին 55.000 դառնալո՞ւ է, 2017-ին կրկնապատկվելո՞ւ է: Ցավոք, թերահավատ եմ: Ցավոք, թերահավատությունը հիմքեր ունի: Աստված տա՝ մենք սխալվենք: Բայց եթե այնուամենայնիվ խոստումները չկատարվեն, պատասխանատվությունը ի՞նչ դրսևորում է ունենալու»,-ասել է նա:
Դաշնակցական պատգամավորի դիտարկմամբ, Ազգային ժողովի լիագումար նիստում բյուջեի քննարկումների ժամանակ, կառավարությունը բացարձակապես կազմակերպված, միասնական թիմի տպավորություն չթողեց:
«Վարչապետը եկավ, գնաց, 6-7 նախարարներ եկան, գնացին, ուրիշները եկան, ուրիշները գնացին: Եթե սա վերաբերմունք է օրենսդիր իշխանության հանդեպ, մենք մի կերպ կդիմանանք: Թող քաղաքական մեծամասնությունը մտածի: Բայց ցավն այն է, որ ներքին այդ անկազմակերպվածությունը, միասնական թիմի բացակայությունը, կառավարության ներսում մի քանի խմբավորումների գոյությունը, գրեթե վստահաբար, իրական պրոբլեմ է, որից տուժել ու տուժելու են մեր հասարակությունն ու պետությունը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա