Ա.Բախշյան. Պահանջում եմ հիմնավորել տնօրենների ազատումները
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը շարունակում է բարձրաձայնել հանրակրթության ոլորտում տարօրինակ երևույթների մասին: Panorama.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը խոսեց վերջին շրջանում մի շարք դպրոցների տնօրենների ազատման մասին, ընդ որում այն կոնտեքստում, որ այդ ազատումները այդպես էլ մնացին հույժ գաղտնի քողի տակ.«Տնօրենների վերջին ազատումները՝ հրապարակային (Երևանի թ.51 դպրոց) և ոչ հրապարակային (Երևանի թ.17 , Արմավիրի մարզի Թաիրով գյուղի դպրոց/) այդպես էլ չպատճառաբանվեցին: Եվ քանի որ պաշտոնապես հիմնավորում չհնչեց, ապա տարբեր լուրերի համաձայն` այդ դպրոցներում բացահայտվել են ուսուցիչներից ու ծնողներից դրամահավաքության փաստեր, ընդ որում, ըստ նույն այդ լուրերի, եթե Երևանի թ.17-ի և Թաիրովի դպրոցի տնօրենները սուս ու փուս գրել են իրենց ազատման դիմումները, ապա թ.51-ի տնօրենը չի գրել, այդ պատճառով էլ նրան ազատել են զբաղեցրած պաշտոնից: Ազնիվ խոսք, նման տնօրեններն աչքիս լույսը չեն, բայց ուզում եմ, որ նրանց ազատումը օրենքով և գրագետ հիմնավորված լինի»,-պնդեց մեր զրուցակիցը:
Իսկ ի՞նչ հիմք ունի կասկածելու. «Նախ, վերոնշյալ չհիմնավորված լուրերը: Երկրորդ. 3 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը աշխատանքից ազատեց և նկատողություն հայտարարեց մի քանի տնօրենների, որոնց թվում թիվ 27 դպրոցի տնօրենին: Աշխատանքից ազատման և նկատողության փաստերը, հիմքերը ստանալու խնդրանքով պատգամավորական հարցմանս ի պատասխան ստացել եմ հետևյալ գրությունը. «Աշխատակազմի կրթության վարչությունը 2009-2010 և 2010-2011 ուստարիների աշխատանքային ծրագրով կատարված ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում: Արձանագրված խախտումների արդյունքում առաջարկում եմ կարգապահական տույժի ենթարկել թիվ 27 դպրոցի տնօրենին»:
Զեկուցագիրը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետը, ստորագրել ու կնքել է քաղաքապետը:
Նկատողությունից հետո տնօրենը ոչ միայն հաստատվեց, այլև վերընտրվեց՝ հակառակ բազմաթիվ բողոքների և կրթության պետական տեսչության կողմից հայտնաբերված տարբեր խախտումների»,- տեղեկացրեց Ա.Բախշյանն ու եզրակացրեց՝ փաստորեն այն դպրոցների տնօրենները, ովքեր մտնում են քաղաքացիների գրպանները՝ ի դեմս ուսուցիչների ու ծնողների, պատժվում են, իսկ այն տնօրենները, ովքեր պետական բյուջեն կրթության որակի հաշվին անարդյունավետ են ծախսում, մնում են անպատիժ:
«Դե արի ու մի մտածիր, որ այսպես է, որովհետև ներքևից վերև տարբեր պատճառներով ձեռնտու են այսպիսի տնօրենները և նրանք վերևներում լռելյայն խրախուսվում ու հովանավորվում են»- հավելեց նա:
Իսկ զրույցի ավարտին Ա.Բախշյանը շեշտեց՝ պահանջում եմ հիմնավորել տնօրենների ազատումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա