Պանիր արտադրող 17 ընկերությունների նկատմամբ կիրառված արգելանքը հանվել է
Պանիր արտադրող 18 տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերված խախտումների պատճառը սանիտարահիգիենիկ նորմերի ոչ բավարար վիճակն էր: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարարտյանը:
Նրա խոսքերով՝ ընկերությունների նկատմամբ արտադրական առանձին գործառույթների արգելանք է կիրառվել, սակայն ներկայումս 17 ընկերություններից տվյալ արգելանքը հանվել է՝ հիմք ընդունելով նրանց կողմից բավարար միջոցառումների անցկացումը: Ըստ Ա.Արարատյանի՝ ստուգման արդյունքում արտադրողների կողմից ոչ մի բողոքարկում չի եղել. «Նրանց տրվել է մաքսիմալ աջակցություն»,- ասաց նա:
Անդրադառնալով պանրում հայտնաբերված աղիքային ցուպիկի մանրէներին, Ա.Արարատյանը նշեց, որ այդ մանրէները կայուն են աղի նկատմամբ: Ըստ նրա՝ «Չանախ» տեսակի պանիրը չի փաթեթավորվում, չի պիտակավորվում և արտադրման, փոխադրման և իրացման փուլերում պահվում է աղաջրի մեջ, ինչն էլ համարվել է ռիսկային: Իսկ «Լոռի» պանիրը, ի տարբերություն չանախի, փաթեթավորվում է, մակնշվում է և պիտակավորվում, հասունացման երկրորդ փուլն անցկացնում է ստելաժների վրա: «Ուստի մեր հիմնական ուշադրությունը եղել է «Չանախ» տեսակի պանիրը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Պանիր արտադրողների միության նախագահի այն հայտարարությունը, թե աղիքային ցուպիկի որոշ չափաքանակ կարող է անվտանգ լինել մարդու համար, Ա.Արարատյանն ասաց, որ տեխնիկական կանոնակարգերում հստակ նշված է, որ կաթի և կաթնամթերքի արտադրությունում արգելվում է աղիքային ցուպիկի մանրէների առկայությունը:
Ա.Արարատյանը հայտնեց նաև, որ տվյալ ընկերություններում բավականին երկար ժամանակ ստուգումներ չեն իրականացվել, և այդ ստուգայցը նրանց համար եղել է անկանխատեսելի: «Նրանց հետ ուսուցողական աշխատանք է տարվել, եղել են նաև այնպիսի արտադրողներ, ովքեր բացարձակ տեղեկություն չունեին 2006թ-ից գործող օրենքի, տվյալ արտադրատեսակը բնորոշող կանոնակարգի և դրա արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման մասին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա