Լատվիայի արտգործնախարար. Հայաստանը Լատվիայի լավ և մոտիկ բարեկամն է Հարավային Կովկասում
Հայ-լատվիական հարաբերությունները լավ պայմանագրային դաշտում են, իրականացվել են բարձր մակարդակով այցելություններ, որոնց ընթացքում կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին: Այս մասին Երևանում Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա հայտնեց, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ ըստ նախարարի, ներկայացվեց Արցախյան բանակցային գործընթացում առկա իրավիճակը:
«Մենք համամիտ ենք, որ Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ լուծման ճանապարհին այլընտրանք չկա», - ասաց նա:
Իր հերթին լատվիացի դիվանագետը հայտարարեց, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի «լավ և մոտիկ բարեկամ Հարավային Կովկասում»:
Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները միտված էին էլ ավելի խորացնելու երկկողմանի հարաբերությունները:
Նա նաև բարձր գնահատական տվեց Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությանը: «Մենք ողջունում ենք առաջընթացը, որն արձանագրվել է Եվրամիության հետ հարաբերություններում: Կուզենայի գովասանքի խոսքեր ասել Հայաստանի կառուցողական կեցվածքի համար» -ասաց նա:
Լատվիայի նախարարը գոհունակությամբ նշեց, որ հայաստանցի գործընկերոջ հետ քննարկվեցին նաև Իրանի և Սիրիայի շուրջ զարգացումները. «Մեզ համար շատ կարևոր է այդ երկրների հետ հարաբերություններում Հայաստանի փորձը», - ասաց Էդգարս Ռինկևիչսը:
Ըստ նախարարների՝ քննարկվել են նաև երկու երկրների ղեկավարների՝ համատեղ փոխայցելությունների հարցերը: