Ինչպե՞ս կարելի է այսպես թեթևամտորեն վերաբերվել բյուջեին. ՀԱԿ-ը դեմ է 2013-ի բյուջեին
«Ինչպե՞ս կարելի է այսպես թեթևամտորեն վերաբերվել բյուջեին», -այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի վերաբերյալ Հայ Ազգային կոնգրես խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` նկատելով, որ գլխավոր ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացվել է առանց փոխարժեքը նշելու:
Նրա խոսքով, բյուջեի դեֆիցիտը կառավարությունը 3.2 տոկոսից դարձնում է 6 տոկոս: «Սա մեծ փող է 50 մլրդ-ի կարգի փող է: Ուրեմն միևնույն տարում մեզ մոտ 2 անգամ ավելանում է պարտքի վճարումը, միևնույն տարում մենք չենք կարողանում հավաքագրել եկամուտներ և միևնույն տարում շատ դիտմամբ իջեցնում ենք բյուջեի դեֆիցիտը: Էս ինչի եք սենց վռազում բյուջեի դեֆիցիտը իջեցնելու հարցում», -դիմելով կառավարությանը հետաքրքրվեց Հրանտ Բագրատյանը:
Անդրադառնալով Դիլիջանում բիզնես կենտրոնի կառուցմանը, ընդդիմադիր պատգամավորը զարմանք հայտնեց. «Կենտրոնական բանկը 12 մլրդ դրամի շինարարություն է անում, ինչ շինարարություն է, չես հասկանում, հարցնում ես, ասում են` բա Դիլիջանում շենքը չավարտե՞նք»:
Բագրատյանն ասաց, որ իրենք անթույլատրելի են համարում թոշակները չբարձրացնելը 10 տոկոսով: «Անթույլատրելի ենք համարում այնպիսի բյուջե ընդունելը, որը չի բարձրացնելու մարդկանց կենսամակարդակը», -նկատեց ընդդիմադիր պատգամավորը:
Տարբեր ոլորտներում տնտեսագիտական իր հաշվարկները, այնուհետև առաջարկները ներկայացնելուց հետո Բագրատյանը հայտարարեց, որ Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:
Նշենք, որ խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, Հ. Յ. Դաշնակցությունը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկում հաջորդ տարվա բյուջեի նախագծին: Կողմ քվեարկողները 2 խմբակցություններն են` ՕԵ և Հանրապետական խմբակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում