Տեր-Պետրոսյանական հայտնի վերլուծությունը շարունակում է քայքայել ընդդիմությունը
«ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ տերպետրոսյանական հայտնի վերլուծության արդյունքում ՀԱԿ-ն այսօր լքել են Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Հանրապետություն» կուսակցությունը»,-գրում է «Голос Армении»-ն` նշելով, որ Կոնգրեսի կազմաքանդումը շարունակվում է առ այսօր. վերջերս Սոս Գիմիշյանը հայտարարել էր, որ եթե նախագահական ընտրություններում ՀԱԿ-ից չառաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա ՀԱԿ-ի առաջնորդը պարզապես կփոխվի:
Ըստ թերթի` հետաքրքրականն այն է, սակայն, որ Լևոն Տեր-Պետրոսյանին շահավետ չէ առաջադրվելը, քանի որ վերջինս լավ է հասկանում, որ Կոնգրեսը վերջնականապես կորցրել է իր ընտրազանգվածը և առաջադրվելու պարագայում առաջին նախագահը շատ քիչ ձայներ կհավաքի: Սեփական դեմքը փրկելու համար Կոնգրեսը հայտարարում է, թե ընդդիմության ընդհանուր թեկնածուի հարցը պետք է լուծվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, սակայն, ըստ «ГА»-ի, դա բացահայտ խաբեություն է, քանի որ Կոնգրեսում շատ լավ են հասկանում, որ գործող նախագահի դիրքերը և վարկանիշն այսօրվա դրությամբ բավականին բարձր է, ուստի երկրորդ փուլ կարող է և չլինել: Անդրադառնալով ՀԱԿ-ի այն հայտարարությանը, թե իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում են կառավարման խորհրդարանական համակարգ ստեղծելու գաղափարի շուրջ` թերթը հիշեցնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ դեմ է եղել խորհրդարանական կառավարման ձևին և անգամ իր նախագահության օրոք մերժել է իր քաղաքական ընդդիմախոս Վազգեն Մանուկյանի կողմից արվող նման առաջարկները: