Հ.Նաղդալյան. Կարող էինք հենց այսօր բարձրացնել աշխատավարձերը և հսկայածավալ ընտրազանգված գրավել, բայց …
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գնահատականով` բյուջետային քննարկումների վրա չէին կարող չազդել քաղաքական զարգացումները և հատկապես այն, որ առջևում նախագահական ընտրություններ են, և շատերն իրենց քաղաքական պլատֆորմը կառուցում են բնակչությանն սոցիալական խնդիրների, տնտեսական դժվար իրավիճակների վրա.
«Շատ ընտանիքներում դեռևս առկա չքավորության և թշվառության վրա խաղալով` շատերը փորձում են լավամարդ լինել և այլն: Իսկ բյուջետային քննարկումների ժամանակ երբեմն թվում էր, թե աշխարհի բոլոր հիմնախնդիրները, ցանկությունները և երազանքները հենց հիմա, այս պահին պետք է լուծվեն, և շատ դեպքերում էլ կիրառվում էր մեկ վարքագիծ՝ չտեսնել ակնհայտը և հերքել բացարձակ փաստերը»,- ԱԺ ամբիոնից իր այսօրվա ելույթում հայտարարեց Հ.Նաղդալյանը:
Նրա խոսքով անտրամաբանական է մտածել, թե ինչ-որ մեկը Ազգային Ժողովից դեմ է աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացմանը.
«Հակառակը, կարող էինք հենց այսօր բարձրացնել աշխատավարձերը և դրանով հսկայածավալ ընտրազանգված գրավել: Բայց մենք չենք ուզում կորցնել երկիրը, շեղվել տնտեսության զարգացման ուղուց: Մեզ համար առաջնահերթ են տնտեսության կայունությունը և զարգացումը, և ոչ թե պահի թելադրանքով լուծումները»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը:
Իսկ անդրադառնալով այն հարցին, որ վերջին շրջանում ընդդիմութունը շահարկում է, թե իշխանությունները այս ամենով պարզապես նախապատրաստվում են ընտրություններին և հիմնախնդիրների բարձրաձայնումը անվանում են ուղղակի քաղաքական ներկայացում, տիկին Նաղդալյանը չդիմացավ.
«Ամո՛թ է... Իհարկե, հրաշալի կլիներ և ընտրության գնացող ուժի համար շատ հարմարավետ ընտրություններից առաջ խոստանալ բարձր աշխատավարձեր և հեշտությամբ համակրանք շահել: Բայց, կրկնում եմ, մեր նպատակն է ունենալ բարեկեցիկ և զարգացող երկիր»:
Իսկ վերջում հավելեց, որ Հայաստանը դիմակայել ու կարողացել է հաղթահարել ամենադժվար փորձությունները ու հիմա առաջընթացի ճանապարհին է.
« 2013թ-ին իրականացնելով ՀՀԿ-ի և նրա առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրերը, մենք առաջընթացի տարի ենք ունենալու»,- լավատեսական ավարտեց իր ելույթը Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, Ազգային Ժողովում այսօր ավարտվեցին 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները, առաջիկա օրերին կառավարությունը կստանա ու կքննարկի պատգամավորների առաջարկությունները` փաստաթղթի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա