Իրանը Բաշար ալ-Ասադին փրկելու վերջին ջանքերն է գործադրում
Երբ օրերս Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Քուվեյթ) և Ֆրանսիան հայտարարեցին, որ պաշտոնապես ճանաչում են Սիրիայի Ազգային կոալիցիան որպես սիրիական ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ, պաշտոնական Թեհրանն անմիջապես քայլեր ձեռնարկեց Սիրիայում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը փոքր-ինչ դանդաղեցնելու ուղղությամբ:
Նոյեմբերի 13-ին Իրանի ԱԳ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը տեղեկացրեց, որ Թեհրանում առաջիկա օրերին «Ազգային երկխոսություն Սիրիայում» խորագիրը կրող հավաք կկազմակերպվի, որին կմասնակցեն Սիրիայի կառավարության, քաղաքական ընդդիմության և փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ըստ իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի` Դամասկոսում ԻԻՀ դեսպանության համակարգմամբ` սույն համաժողովին կմասնակցեն Սիրիայի խորհրդարանի տարբեր քաղաքական ուժերը ներկայացնող քաղաքական գործիչներ, ինչպես Սիրիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գործող ընդդիմադիր գործիչներ:
Այն պարագայում, երբ Պարսից ծոցի արաբական երկրներն ԱՄՆ-ի հավանությամբ փորձում են հնարավորինս սահմանափակել տարածաշրջանում Իրանի ունեցած ազդեցությունը, ի պատասխան այդ քայլերին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Պարսից ծոցի վիճելի կղզիները (Թոնբ-է բոզորգ, Թոնբ-է քուչեք և Աբու Մուսա) վերահսկելու նպատակով նոր ռազմակայան է հիմնում, իսկ ավելի ուշ, ԻԻՀ զինված ուժերը Պարսից ծոցում ունեցած իրենց ուժը ընդգծելու նպատակով կրակ են բացում Իրանի օդային տարածքում հայտնված ամերիկյան անօդաչու ինքնաթիռների ուղղությամբ:
Ավելին, Իրանն իր ռազմական կարողություններն ի ցույց դնելու նպատակով այս օրերին ԻՀՊԿ-ն բանակի հետ համատեղ ութ նահագներում ավելի քան 850 հազար կմ տարածության վրա անցկացնում է լայնածավալ օդային զորավարժություններ, փորձարկում նոր հեռահար հրթիռներ, Այդ առնչությամբ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, անդրադառնալով Իրանի վրա ռազմական հարձակման հնարավորությանը, հայտարարել է, թե ԱՄՆ-ի սպառնալիքների ժամանակն ու Իրանի վրա ռազմական հարձակում գործելու վտանգն անցել են:
Ինչ վերաբերում է Սիրիայի հարցով Թեհրանում կայանալիք հավաքին, ապա դժվար թե այն որևէ ազդեցություն ունենա սիրիական ճգնաժամի հանգուցալուծման վրա: Առավել ևս, որ նախկինում տեղի ունեցած նմանատիպ հանդիպումներն ու նախաձեռնություններն արդեն իսկ անհաջողությամբ են ավարտվել (ս.թ.օգոստոսին ևս Թեհրանում Սիրիայի հարցով խորհրդակցական հավաք էր կազմակերպվել, իսկ սեպտեմբերին Կահիրեում տեղի էր ունեցել Սիրիայի հարցով Իրանի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը): Ուստի Իրանն, այդ ամենը քաջ գիտակցելով և նմանատիպ նախաձեռնություններով հանդես գալով, պարզապես փորձում է ժամանակ շահել` Ասադի իշխանության տապալման գործընթացը երկարաձգելու և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին համարժեք նոր քաղաքականություն մշակելու համար:
Հեղինակ` Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են