Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը ներկա կլինի իր գործով բողոքի քննությանը
Դեկտեմբերի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Վերաքննիչ դատարանի կայանալիք արտագնա նիստին ներկա կլինի նաև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը: Այդ մասին որոշում այսօր կայացրել է Վերաքննիչ դատարանը:
«Վերաքննիչ դատարանը շատ լավ որոշում է կայացրել, և Մհեր Ենոքյանը ներկա կլինի վերաքննիչ բողոքի քննությանը և կներկայացնի իր մոտեցումները», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց Մհեր Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը:
Փաստաբանը դժվարացավ կանխատեսումներ անել, թե արդյոք Վերաքննիչ դատարանի այս որոշումը շրջադարձային կլինի Մհեր Ենոքյանի գործի համար:
Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի` «1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մէջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:
Մհեր Ենոքյանը իրեն մեղավոր չի ճանաչել և այժմ էլ պնդում է, թե մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:
Ենոքյանը պնդում է, թե մայիսի կեսերին, այսքան տարի անց, իր գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Այժմ Ենոքյանի պաշտպանը հայց է ներկայացրել դատախազության դեմ և պնդում է, որ իր գործով ի հայտ են եկել նոր հանգամքներ, որոնք դատախազությունը պարտավոր է դարձնել քննության առարկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան