Ուժեղ պետությունն արժեք չունի, եթե դրա հիմքում արժանապատիվ և երջանիկ ապրող մարդ չկա. Արմեն Դարբինյան
«Մարդու երջանկությունը այլևս պետք է դառնա հանրային կառավարման բարձրագույն նպատակ, քանի որ ուժեղ պետությունը արժեք չունի, եթե դրա հիմքում արժանապատիվ և երջանիկ ապրող մարդ չկա»: Այս մասին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով գիտական նստաշրջանում հայտարարեց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Ըստ նրա՝ մրցունակ լինելու համար պետք է ունենանք առաջադիմության ձգտող հանրություն: «Մենք հին ժողովուրդ ենք, սակայն իրավունք չունենք հնանալու և ծերանալու, մինչդեռ հանրության մեջ բացառիկ դիրքեր ունեն կոնսերվատիվ մտածելակերպը, ավանդականությունն ու ավանդապաշտությունը, որոնք հաճախ որևէ աղերս չունեն պրոգրեսի հետ»,- ասաց Ա.Դարբինյանը: Նրա խոսքերով՝ առաջադիմության նպատակաուղղված հանրությունը պետք է ուժ գտնի իր մեջ մերժելու ավանդապաշտության այն դրսևորումները, որոնք չեն նպաստում պրոգրեսին: Մինչդեռ, ըստ ռեկոտրի, հանրային կառավարման մակարդակով մինչ այժմ ճիշտ հակառակն է արվել:
Ըստ նրա՝ այսօր հանրային կառավարման համակարգում սոցիալական «վերելակը» չի աշխատում, իսկ կոորպորատիվ մշակույթը, որը կարող էր լուրջ խթան հանդիսանար առաջադեմ կադրերի առաջխաղացման համար չի խրախուսվում: Ա.Դարբինյանի բնորոշմամբ՝ կառավարման արատավոր պրակտիկան այսօր բերել է նրան, որ «հանրային շահ» հասկացությունը արժանացել է տխրահռչակ համբավի, դրա տակ ավելի շատ հասկացվում է հանրության դեմ գործողություն, քան ընդհանուր շահի շուրջ համախմբում:
«Այստեղ կտրուկ քայլեր են պետք ձեռնարկել, հանրությանը պետք է մատուցել այնպիսի ծրագրեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հասնել կոնսոլիդացիայի, քանի որ առանց դրա հնարավոր չէ խոսել երկրի մրցունակության մասին»,- ընդգծեց Ա.Դարբինյանը:
Նա նշեց նաև, որ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ է փոփոխությունների սրընթացություն:
«Եթե մենք հայտարարում ենք գիտատար կամ գիտելիքահենք արտադրանքի արտահանման առաջնահերթություն, ապա մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն ապրուստի և գիտատար ոլորտում աշխատուժի գնի մրցունակությանը»,- ասաց Ա.Դարբինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա