Դ. Բաբայան. Եթե իրական շահերից չբխի, երբեք որևէ մեկը չի գա Արցախ
«Երևի պարոն Գուլուզադեն լուրջ մտահոգված է Ուրուգվայի և այլ պետությունների պատվիրակությունների` Արցախ կատարած այցերից ու փորձում է իր այդ մտահոգությունը կամ մաղձը մոռանալ անլուրջ մեկնաբանություններով»,- այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեի արած հայտարարությանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ Վ. Գուլուզադեն ադրբեջանական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում ասել էր, որ Ուրուգվայի բարձրաստիճան պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ «սփյուռքի փողերով է կատարվել»:
Դ. Բաբայանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը և հայ պետականությունը «հիմնված է եռամիասնության վրա` Հայաստան, Արցախ և Սփյուռք», ուստի բոլոր նշված բաղադրիչնրը հանդես են գալիս որպես մեկ միավոր:
«Այս պարագայում տարանջատել, թե ով է ֆինանսավորել, ով է մեքենա տրամադրել, ով է հաց տվել այդ մարդկանց, ուղղակի անլուրջ վերաբերմունք է: Դրա համար էլ որևէ մեկնաբանության կարիք չունի»,- հավելեց Դ. Բաբայանը:
Անդրադառնալով Ուրուգվայի պատվիրակության` Արցախ կատարած այցի շարժառիթներին, նա նշեց. «Պետք է վստահ լինել, որ եթե իրական շահերից չբխի, երբեք որևէ մեկը չի գա Արցախ: Սա ակնհայտ է բոլորի համար: Գուլուզադեն դա լավ հասկանում է, բայց իր հանգստության համար փորձում է նման մոտեցումներով հանդես գալ: Բացի այդ, նույն Ադրբեջանը, որի հետ դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, կաշառքի միջոցով ակտիվ աշխատում է նաև Ուրուգվայում, բայց տեսնում ենք, որ դա որևէ արդյունք չի տալիս»:
Բանախոսի կարծիքով, այդ մոտեցումը պետք է ադրբեջանցիների համար օրինակ ծառայի, որ նրանք հասկանան, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ գնվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան