Պատգամավորը բուժվո՞ւմ է, դասախոսո՞ւմ, թե՞ արհամարհում. չկա պատգամավորի հետկանչի մասին օրենք
«Հրապարակը» գրել է, որ ԱԺ աշխատանքների մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ նիստերին ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը, որն այս գումարման ընթացքում դեռ ոտք չի դրել խորհրդարան: «Բանն այն է, որ հերթական նստաշրջանի ավարտից հետո, մեկ շաբաթվա ընթացքում, համակարգիչը հաշվում է, թե քվեարկությունների կեսից ավելին ով է անհարգելի բացակայել, ինչ փաստաթղթեր է ներկայացրել, եթե չի ներկայացրել, ապա ԱԺ նախագահի թույլտվությամբ անհարգելի բացակայածի հարցը մտնում է ԱԺ լիագումար նիստ` մանդատից զրկելու հեռանկարով:
Ընդ որում, բացակայությունների համար կարող է լինել նաև ԱԺ նախագահի բանավոր թույլտվություն, ասենք` որևէ երկիր բուժման մեկնելիս, որովհետև այդ երկրները «բյուլետեն» չեն տալիս, ինչպես, ասենք, նախորդ գումարման ողջ ընթացքում Տիգրան Արզաքանցյանի դեպքն էր: Իսկ այս տարի նման թույլտվություն ստացել է ԲՀԿ-ից Վահագն Մախսուդյանը: ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանը երբեմն թույլտվություն է վերցնում` արտերկրում դասախոսելու համար: Պառլամենտարիզմի արդի պատմության ողջ ընթացքում ԱԺ-ում որևէ պատգամավոր բացակայությունների պատճառներով չի զրկվել մանդատից, անգամ աշխատավարձը չեն պահել: Ավելին` նման հարց ԱԺ լիագումար նիստ չի հասել: Ու քանի որ չկա նաև պատգամավորի հետկանչի մասին օրենք, այլևս կարևոր չէ` պատգամավորը որ «կետով» է բացակայել նիստերից` բանավոր թույլտվությա՞ն, արտերկրում դասախոսություն կարդալո՞ւ, թե՞ մեկ այլ»: