Ս. Այվազյանը չի այցելում «Հանրապետության» գրասենյակ. ելքեր են որոնում` ինչպես փրկել երկիրը
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար Սմբատ Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքն առկախել է կուսակցության հետ հարաբերությունները և արդեն 6 ամիս է՝չի այցելում «Հանրապետության» գրասենյակ։
Այվազյանը նշել է, որ ինքն այժմ զբաղված է ուսումնասիրություններ և ծրագրեր կազմելով. «Երկրի ընդհանուր զարգացման մասին ենք ծրագրեր մշակում։ Ինչ-որ այսօր կա կամ այն, ինչ այսօր առաջարկվում է, չի կարող դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ունենք ու որոնց սպասում ենք։ Ուսումնասիրում ենք արտագաղթի հետ կապված երևույթները և փնտրում ելքերը, թե ինչ պետք է արվի, որպեսզի այդ ամենի դեմն առնենք։ Եվ միաժամանակ մշակում ենք քայլեր, թե ինչպես դուրս հանենք Հայաստանն այս վիճակից, որովհետև ընտրությունների միջոցով անհնար է իրավիճակ փոխել երկրում»։