Գալուստ Սահակյանը «անիմաստության դաշտից» հեռու կմնա
Նոյեմբերի 21-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստում հավանաբար քվորում չի կայանա: Չորս խմբակցությունների նախաձեռնած արտահերթ ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Մասնակցելո՞ւ է արդյոք Հանրապետական խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստին, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հստակ չի ասում, ուղղակի նշում է հետևյալը. «Անիմաստության դաշտից հեռու ենք մնալու»:
Նա նույնիսկ «իմիտացիոն» որակեց արտահերթ նիստ նախաձեռնելու մասին չորս խմբակցությունների նախաձեռնությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ «խայտառակություն» կլինի, որ խորհրդարանը քվորում չապահովի, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ մի տեսակ հույսեր չունի, որ քվորում կապահովվի:
«Եթե իրենք գտնում են, որ այդքան սարսափելի է անգամ նախագիծը քննարկելը, ապա ես այստեղ մեկնաբանելու որևէ բան չեմ տեսնում», -իր հերթին նկատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ի դեպ, նա սուր քննադատության ենթարկեց Հայաստանում անցկացվող մեծամասնական ընտրակարգով ընտրությունները: «Մեծամասնական ընտրակարգը այն խայտառակ սողանցքն է, որը թույլ է տալիս իշխանության կուսակցությանը ի սկզբանե լրջագույն, ստարտային առավելություն գրանցել ընտրություններին մասնակցող մնացած կուսակցությունների նկատմամբ», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը թիվ 28 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարումների խորհրդարանում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են