Վարդենիսի կամրջի փլուզման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Վարդենիսի կամրջի փլուզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Ոստիկանության հաղորդմամբ, կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ նախօրեին` ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երկաթգծի կայարանից 1 կմ դեպի հյուսիս տանող երկաթգծի կամուրջը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում, երկաթբետոնե կամրջի (երկարությունը՝ 44,4 մ բարձրությունը` 3,8 մ, կառուցման տարեթիվը՝ 1975 թ.) վրա «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում:
Պատահարի հետևանքով Վարդենիսի բնակիչներ` 1956 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը, 1956 թ. ծնված Վարուժան Սարգսյանը և Սևանի բնակիչ, 1955 թ. ծնված Ներսիկ Մարտիրոսյանը տեղում մահացել են, իսկ Վարդենիսի բնակիչներ` 1968 թ. ծնված Ռոբերտ Համբարձումյանը և 1968 թ. ծնված Արգամ Անտոնյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղից Ա. Անտոնյանին տեղափոխել են Երևանի առաջին կլինիկական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Ռոբերտ Համբարձումյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ա. Անտոնյանինը` կայուն ծանր:
Դեպքի վերաբերյալ տեղյակ են պահվել ՀՀ կապի և տրանսպորտի և քաղաքաշինության նախարարությունների աշխատակիցները: