ԲՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով. Մարզերում են ասել
Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների հանդիպումները մարզերում ցույց են տվել, որ գերակշռող է միայն մեկ տեսակետ: ԲՀԿ-ն պետք է մասնակցի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով: Եվ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Հանրագումարի բերելով հանդիպումների արդյունքները, համատարած պնդումը մեկն է, մեր կուսակցությունը ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բայց Բարգավաճ Հայաստանի քաղխորհրդում քննարկումները շարունակվում են, և դիրքորոշումների վերջնական ճշգրտումից հետո ԲՀԿ-ն կհրապարակի նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին որոշումը»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Հարցին, թե երբ կհրապարակվի այդ որոշումը, նա հստակ ժամկետներ չնշեց, բավարարվեց նշելով` առաջիկայում:
Հիշեցնենք, որ նախորդ ճեպազրույցների ժամանակ Ն. Զոհրաբյանը հայտարարել էր, թե իր անձնական կարծիքով, ԲՀԿ-ն պետք է առաջիկա ընտրություններին մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: