Նախարար. Լավ ուսանողը վարձի պատճառով դուրս չի մնա
«Վճարովի կրթությունը սոցիալական խնդիր է, և պետք է հասնել այնպիսի համակարգի, որ լավ սովորող ուսանողը, վարձը չվճարելու դեպքում, դուրս չմնա կրթական գործընթացից», - ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Նման մոտեցումը պահանջելու է ժամանակ, միջոցներ, սակայն կա նաև քաղաքական որոշում»,- շեշտեց նա: Նախարարի խոսքով` հաջորդ տարվանից գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, որոնց ընտանիքները ընդգրկված են նպաստների համակարգում, պետության կողմից ստանալու են վարձավճարի փոխհատուցում` հիսունից հարյուր տոկոսի չափով:
Նախարարն անդրադարձավ նաև բուհական ճաշարանների գներին` կապված որոշ ուսանողական կազմակերպությունների կողմից բարձրացված հարցին: Նա խոստովանեց, որ, իրոք, ոչ բոլոր բուհերում է, որ սննդի կետերը մատակարարում են ուսանողի գրպանին համարժեք, հարմար սնունդ: Նրա խոսքով` կա պետության միջամտության կարիքը, քանի որ ուսանողական ճաշարանների, սրճարանների հարցը մինչ այս լուծվում էր բուհական ինքնավարության շրջանակներում: «Ինքնավարությունը` ինքնավարություն, բայց պետք է նաև խելամիտ լինի գնային քաղաքականությունը բուհական սրճարաններում և ճաշարաններում»:
Արմեն Աշոտյանը խոստացավ միջամտել հարցին, որպեսզի բուհական ճաշարաններում գնացուցակները վերանայվեն: «Եթե գործող սնունդ մատակարարող ու իրացնող կազմակերպությունները անհնար համարեն նոր գնացուցակով աշխատանքը, պետք է գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնք կաշխատեն նվազագույն շահույթով»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ուսանողների համար տրանսպորտի մատչելիության հարցին, Ա.Աշոտյանն ասաց, որ հարցն, իրոք, մտահոգիչ է և խոստացավ ներկայացնել Երևանի քաղաքապետին: «Մենք ևս մտածում ենք. կտեսնեք, թե ինչ է հնարավոր անել»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա