ԱԺ էթիկայի հանձնաժողովի հայտարարությունը ձևականությունների շարքից էր
ՀՀ Ազգային Ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմում-բողոքի հիման վրա նկատողություն է տվել պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Էթիկայի հանձնաժողովի նկատողությունը ոչ այլ ինչ է, քան ձևականություն, քանի որ վերբալ կերպով ամոթանք տալուց և, ծայրահեղ դեպքում, աշխատավարձի պահումից բացի, որևէ այլ սանկցիա չի ենթադրում: Ավելին` պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, ըստ էության, թքած ունի Էթիկայի հանձնաժողովի հայտարարության վրա, քանի որ ներկա չի եղել ոչ իր հարցի քննարկմանը, ոչ էլ էթիկայի հանձնաժողովի կողմից որոշման հայտարարությանը»: Թերթը հիշեցնում է, որ ԱԺ-ից դուրս գալիս Սամվել Ալեքսանյանը քաղակտիվիստ Վարդգես Գասպարիի ձեռքից խլել է պաստառը, իսկ պատգամավորին ուղեկցող ոմն Գ. Գեղամյան հրել և գետնին է տապալել քաղաքացուն: Ըստ «ГА»-ի` օրենքը և էթիկական նորմերը խախտող պատգամավորների համար պետք է ավելի խիստ պատժամիջոցներ մշակվեն: