Դաշնակցական կոնսուլտացիաներ
«Հրապարակը», անդրադառնալով քաղաքական կոնսուլտացիաներին, գրում է, որ ԲՀԿ-ի հետ առաջինը կոնսուլտացիայի նստած ՀՅԴ-ն ևս կոնսուլտացիաների շարք է սկսել ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի հետ: Թերթը նշում է, որ ՀՅԴ-ն դեմ է Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև Վարդան Օսկանյանի թեկնածությունները պաշտպանելուն:
«Հրապարակ»-ի աղբյուրները չեն բացառում, որ դեկտեմբերին կայանալիք ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ տեղերից ընտրված պատվիրակները հարց բարձրացնեն սեփական թեկնածուով մասնակցելու մասին, և քանի որ ՀՅԴ-ում իսկապես որոշումների կայացման դեմոկրատիկ սիստեմ է գործում, նաև հաղթեն։
Թերթը հիշեցնում է, որ թե Հրանտ Մարգարյանը, թե Վահան Հովհաննիսյանը հրաժարվել են թեկնածու առաջադրվել, որովհետև հասկանում են, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում շատ քիչ ձայն կհավաքի, ինչն էլ կուսակցությանն ընդհանրապես լուսանցք կմղի։ «Էլ ավելի անմխիթար կլինի վիճակը, եթե ՀՅԴ երկրորդ էշելոնից թեկնածու առաջադրվի՝ Արծվիկ Մինասյանի կամ մեկ այլ դեմքով։ Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, դա է պատճառը, որ ՀՅԴ-ն սկսել է զուգահեռ կոնսուլտացիաներ անցկացնել, որպեսզի հարկավոր պահին կարողանա ընտրությունները բոյկոտելու, իսկ որ առավել հավանական է՝ չմասնակցելու պատճառաբանություն ունենալ»: