Ինչպես անեն, որ ԲՀԿ-ն ՕԵԿ չդառնա
«Հրապարակը» գրել է, որ տասնհինգ օրից Գագիկ Ծառուկյանը վերջապես կհայտնի նախագահական ընտրություններին մասնակցության իր ձևաչափը: «Շեֆը կանգնած է բարդ ընտրության առաջ, ընդհանուր առմամբ նա դեմ չէ թեկնածու առաջադրվելուն, սակայն ասում է, որ հետևանքների համար չի կարող պատասխան տալ. չգիտի ինչ կլինի: Հետո էլ ասում է` հո ես մենա՞կ չեմ, էլի մարդիկ կան, որոնց համար ես պատասխանատու եմ»:
Ըստ թերթի աղբյուրների` Ծառուկյանը պատմել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ ինքն ասել է` մենք հարյուր տոկոսով պատրաստ ենք պաշտպանել քեզ, մենակ թե դու մտածի` ոնց պիտի արվի, որ մենք ՕԵԿ չդառնանք: Բացի այդ, համաձայնության չեն եկել ապագա կառավարության կազմի վերաբերյալ. Ծառուկյանը կրկին պահանջել է վարչապետի պաշտոնը, նախագահն առաջարկել է փոխվարչապետով ու նախարարներով գոհանալ, Ծառուկյանն այս տարբերակին չի համաձայնել` խոսակցությունը բաց է մնացել: Ենթադրվում է, որ համաձայնությունը կկայանա այդ 2 առաջարկների մեջտեղում ընկած տարբերակի տեսքով: Իսկ քաղաքական կոնսուլտացիաները, արտահերթ նիստի ստորագրահավաքը հենց դրա համար են, որ ցույց տրվի` ԲՀԿ-ն առանցքային ուժ է, և վերջում հայտարարվի` քանի որ կա Ղարաբաղի, տարածաշրջանի, Իրանի հարց, ԲՀԿ-ն ստիպված է երկրի նախագահին պաշտպանել: «Էս դեպքում էլ Ծառուկյանը հասկանում է, որ Քոչարյանի թիմը մեր մոտից դուրս կգա»,- կարծում են ծառուկյանական թևի կուսակցականները»:
Այնուհետ թերթը հիշեցնում է, որ իրենց հետ զրույցներից մեկում «Քոչարյանի թիմի ներկայացուցիչ համարվող Վարդան Օսկանյանն ասել էր, որ ինչպես կուսակցությունը որոշի, ինքն այդպես էլ կվարվի և դուրս չի գա, եթե անգամ որոշումն առնչվի Սերժ Սարգսյանին պաշտպանելուն: «Հարցը խելամիտ զիջումներին է վերաբերում»,- ասել էր նա»: