Մ.Շահգելդյան. ՕԵԿ-ը սատարում է Սերժ Սարգսյանին, ոչ թե ՀՀԿ-ին
«Օրինաց երկիր» կուսակցությունը սատարում է ոչ թե Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այլ Սերժ Սարգսյանին։ Այսօրվա ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Ըստ բանախոսի, այն դիտարկումները, թե ՕԵԿ-ը «դարձել է ՀՀԿ-ի ստվերը» «չեն կարող համապատասխանել իրականությանը», իսկ այն, որ կուսակցությունը սատարում է Սերժ Սարգսյանին` Հանրապետական կուսակցության հետ կապել պետք չէ:
«ՕԵԿ-ը չի հայտարարել, որ ինքը սատարում է Հանրապետական կուսակցությանը: Խնդիրն ընդհանրապես չի վերաբերվում է այս կամ այն կուսակցությանը սատարելուն: Մենք հայտարարել ենք նախագահական ընտրությունների ընթացքում Հանրապետական կուսակցության ղեկավարին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ես կարծում եմ, սրանք տարբեր բաներ են»,-ասաց նա, շեշտելով, որ ՕԵԿ-ը «հավատարիմ է մնում իր ընտրած քաղաքական կուրսին»:
«Մենք կոալիցիոն գործընկերներ ենք և այդ գործընկերության շրջանակներում, իհարկե, գնում ենք առաջ, որովհետև կա ընդհանուր կուրս: Մեր առաջարկները կառավարության գործունեության ծրագրում են, բազմաթիվ առաջարկություններ և նախագծեր մտցվում են մեր առաջարկությունների հետ համատեղ, բայց կան դեպքեր, որ մենք ունենք մեր մոտեցումները, մեր շեշտադրումները և սկզբունքները, այդ թվում նաև այս կամ այն օրենքների հետ կապված»,-պարզաբանեց նա:
Ըստ բանախոսի` «Օրինաց երկրի» քաղաքական գործունեությունը հաճախ համապատասխանում է Հանրապետական կուսակցության հետ միմիայն կոալիցիոն շրջանակներից ելնելով: «Լինել կոալիցիայում» նշանակում է հիմնական մոտեցումներով համամիտ լինել, բայց չի նշանակում «սեփական դիրքորոշում չունենալ»: Կան մեր շեշտադրումներն ու մոտեցումները, և, ըստ այդմ` չի նշանակում, որ բոլոր դեպքերում նույն բանն ենք ասելու»,- ասաց նա: