Ուսանողության միջազգային օրն է
1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակում է Ուսանողության միջազգային օր: Ամենամյա այս տոնը նշում են աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Հայ ուսանողները արդեն երեկվանից սկսել են իրենց տոնին նվիրված միջոցառումները:
Ինչպես է առաջացել այս տոնը. 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ: Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի:
Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը: Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր:
Ըստ ՀՀ վիճակագրական վարչության «Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը 2011 թվականին» զեկույցի, 2011/2012 ուսումնական տարում հանրապետության 68 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություննեում և 12 մասնաճյուղերում սովորել է 95308 ուսանող:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին