Քաղաքագետ. ԲՀԿ-ի ներսում էլ է ընթանում պայքար` ինքնուրույն դրսևորվելու համար
Նախագահական ընտրությունների նախօրեին քաղաքական դաշտում հիմնական պայքարը գնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ապագայի համար, իսկ ԲՀԿ-ՀՅԴ, ԲՀԿ-ՀԱԿ կոնսուլտացիաները ժողովրդական քվեներ ձեռք բերելու որևէ միտում չունեն: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Աղայանը: «Սա դեռ նախընտրական քարոզարշավ չէ, ուղղակի առևտուր անելու դրսևորումներ են: Դեռ պարզ չէ՝ կմասնակցե՞ն այդ կուսակցություններն ընտրություններին, թե՞ ոչ»,- ասաց նա:
Ըստ բանախոսի` այսօր ԲՀԿ-ի համար պայքարում են միանգամից երեք քաղաքական խաղացողներ: «Առաջին խաղացողը Սերժ Սարգսյանն է, մյուսը`Ռոբերտ Քոչարյանն է, իսկ երրորդ խաղացողը՝ ասպարեզից հեռացող ՀԱԿ-ն է։ Այս պայքարը ոչ թե նախագահական ընտրությունների քարոզարշավ է հիշեցնում, այլ առևտուր», - ասաց քաղաքագետը:
Նրա կարծիքով` Հանրապետական կուսակցությունում ցանկանում են, որ «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա խաղից` ընդունելով Սերժ Սարգսյանի գերակայությունը, Ռոբերտ Քոչարյանն էլ ուզում է, որ ԲՀԿ-ն իր համար խաղա: «ԲՀԿ-ի համար «Բարգավաճ Հայաստանի» ներսում էլ են պայքարում` ինքնուրույն դրսևորվելու ցանկություն է նկատվում», - հավելեց նա: