«Թուրան». Ադրբեջանի ոստիկանությունը դաժանորեն ցրել է ընդդիմության բողոքի ակցիան
Ադրբեջանի ոստիկանությունը դաժանորեն ցրել է Բաքվի կենտրոնում ընդդիմության հրավիրած բողոքի ակցիան, որն անց էր կացվում խորհրդարանը ցրելու կարգախոսով: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, շաբաթ օրը՝ նոյեմբերի 17-ին, բողոքի ցույցի առաջին մասնակիցների հայտնվելուն պես, որոնք խմբվում էին «ազատություն, հեռացում» կարգախոսներով, ոստիկանները միանգամից սկսել են բռնի ուժի գործադրմամբ ձերբակալել ակցիայի մասնակիցներին: Խոչընդոտվել է նաև լրագրողների գործունեությունը, որոշ լրագրողներ բռնության են ենթարկվել: Ձերբակալվել են «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության 13 անդամներ, ինչպես նաև «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահը, որի նկատմամբ ձերբակալման ժամանակ կիրառվել է բռնություն:
Աղբյուրը նշում է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանի կառավարությունը ԵԱՀԿ-ի հետ միասին օրերս անցկացնում էին հասարակական ակցիաների ժամանակ լրագրողների անվտանգությունն ապահովելու մասին սեմինար, սակայն ոստիկանությունը սկսել է գործել ավելի կոպիտ և ագրեսիվ, քան նախորդ նմանատիպ ակցիաների ժամանակ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանի կողմից «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումը մեծ դժգոհություն է առաջացրել ադրբեջանական ընդդիմության շարքերում: Այդ փոփոխություններով չարտոնված ակցիաների մասնակիցների նկատմամբ սահմանվում է մինչև 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք կամ երկու տարվա պատիժ ուղղիչ աշխատանքային գաղութում:
Այդ օրենսդրական փոփոխությունների ընդունումը պատճառ է դարձել Ադրբեջանի խորհրդարանը ցրելու կարգախոսով ընդդիմության կողմից զանգվածային միջոցառումների անցկացման համար:
Նախորդող՝ «Նեզավիսիմայա գազետա». Ադրբեջանի ընդդիմության շարքերում անհանգստություն է առաջացել
Ադրբեջանում 12 ակտիվիստ է ձերբակալվել