Ադրբեջանը շարունակում է անհիմն շահարկել Մեղրիի ՀԷԿ-ի թեման. Իրանի պարզաբանումը
Իրանի էներգետիկայի նախարարությունը պատասխանել է Մեղրիի ՀԷԿ-ի առնչությամբ Ադրբեջանի անհիմն շահարկումներին:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարության սահմանային գետերի հարցերով կոմիտեի նախագահ Վաթան Ֆադան իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է, որ Մեղրիի ՀԷԿ-ը հոսող ջրով է աշխատելու, ուստի Արաքս գետի ջուրն ամբարելու կարիք չի լինելու:
Ներկայացնելով ԻԻՀ էներգետիկայի նախարարության ներկայացուցչի պարզաբանումը, իրանական աղբյուրը հավելում է. «Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուի անհիմն դիտարկումներին, նշել էին, որ Մեղրիի ՀԷԿ-ի շահագործման համար հինգ տարի է անհրաժեշտ, որպեսզի ամբարտակները ջրով լցվեն»:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլահին, ի պատասխան Արաքս գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի շուրջ ադրբեջանական ԶԼՄ-ների շահարկումներին, մասնավորապես նշել է. «Կառուցվելիք ՀԷԿ-ը բաղկացած է երկու հատվածից, որի մի մասը գտնվելու է Հայաստանի տարածքում (Մեղրի), իսկ մյուսը՝ Իրանում (Ղարե Չիլեր): Նոր կառուցվելիք ՀԷԿ-ի շահագործումից Արաքս գետի ջուրը ոչ աղտոտվելու և ոչ էլ պակասելու է: Ջուրը տուրբինների միջով պտտվելուց հետո կրկին թափվելու է Արաքս գետը»:
Նշենք, որ նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի մասնակցությամբ տեղի էր ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը:
Հավելենք, որ օրերս ԻԻՀ Արևմտյան Ազարբայջանի (Արևմտյան Ատրպատական նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել էր. «Ադրբեջանի բնակչության մի հատված վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչությամբ իր բողոքն է հայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկության համար պետք է Արաքս գետից ջուր վերցնել, Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է այդ նախագծին: Արաքս գետից դեպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրի առնչությամբ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա