Ռիչարդ Կիրակոսյան. Ժամանակն է օլիգարխներին մարտահրավեր նետել
«Վստահ չեմ, որ Հայաստանը կարող է կառավարվել խորհրդարանի կողմից, քանի որ այսօրվա խորհրդարանն էֆեկտիվ չէ», - այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու շուրջ քաղաքական դաշտում ընթացող քննարկումների մասին` ասաց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն պատրաստ չէ: Ըստ բանախոսի` նախ պետք է կանխարգելել օլիգարխների մուտքը խորհրդարան, և ձևավորել այնպիսի քաղաքական դաշտ, որն անկախ լինի անձանցից:
«Շատ երկար ժամանակ քաղաքականությունը Հայաստանում որոշվում էր անձանց կողմից, նույնիսկ երեք նախագահով է Հայաստանի համար քաղաքականությունը սահմանափակվում: Մենք չունենք առողջ դեբատներ, և քաղաքականությունը շատ հաճախ հայտնիության մրցավազք է, սակայն ոչ առողջ մտքերի և գաղափարների մրցավազք»,- ասաց նա:
Բանախոսի կարծիքով` այսօրվա օրակարգային կարևոր խնդիրն է որոշել երկրի ապագան, զարգացման տեսլականը. «Հայաստանը շատ մեծ կարիք ունի ռազմավարական տեսլականի: Այս համատեքստում տնտեսական խնդիրներ են, որ կարևոր դեր են խաղում: Տնտեսությունն է ազգային հզորության գրավականը»:
Ըստ քաղաքագետի, տնտեսության զարգացմանը խոչընդոտում են օլիգարխները, որոնք ազդեցության լծակներ են ձեռք բերում նաև խորհդրարանի միջոցով և ձեռբազատվում հարկեր վճարելուց:
«Ժամանակն է օլիգարխներին մարտահրավեր նետել, քանի որ ներկայիս վիճակը կառուցողական չէ: Օլիգարխներն են Հայաստանի վտանգը: Օլիգարխները շուկաների նկատմամբ չվաստակած առավելություն ունեն: Փակ պահելով շուկաները` հարկեր չվճարելով, հետն էլ ուժ են ցույց տալիս»,- նշեց նա:
Ըստ Ռ.Կիրակոսյանի` հարկ է նաև ողջունել օլիգարխիկ համակարգի մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը ` չնայած որ այդ համակարգը ձևավորվել, հզորացել և հավաքել է հենց նրա օրոք: «Նախկին նախագահը շատ լավ տեղյակ է օլիգարխներից, որովհետև նրա կառավարման տարիներին օլիգարխներն ակտիվացան, սակայն մենք պետք է հիշենք, որ նա նախկին նախագահն է»,-ասաց նա: