Գ. Մակարյան. Մեր բյուջեները պետք է վերանայվեն
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գնահատմամբ, Հայաստանում օտարերկրյա ներդրումները նվազել են, իսկ Հայաստանի տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ է 5 մլրդ դոլարի ներդրում:
Միությունում հաշվարկել են, որ անկախության հռչակումից հետո Հայաստանում կատարվել է 2.5 մլրդ դոլարի ներդրում, «բայց դուք տեսնում եք, որ դրանք բավականին քիչ հնարավորություններ են ստեղծել»:
«Առնվազն 5 մլրդ դոլարի ներդրում է պետք մեր տնտեսությունը վերադարձնելու խորհրդային ժամանակաշրջանում եղած վիճակին ու ակտիվությանը: Այդ ներդրումները պետք է լինեն խելամտորեն բաշխված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Գ. Մակարյանը:
Միության ղեկավարի խոսքով, պետք չէ մեծ հույսեր կապել ԱՊՀ երկրների շուկայի հետ, ինչ վերաբերում է Եվրոպա դուրս գալուն, ապա այն շատ դժվար է ու մեծ պատասխանատվություն, օրենսդրության բարելավում, սննդի անվտանգության ապահովում է պահանջում, բացի այդ պետք է շատ լավ հասկանալ եվրոպացի սպառողի հոգեբանությունը: Այս ամենի արդյունքում եվրոպացիները թույլ կտան իրենց շուկա մտնել, հակառակ դեպքում իրենք կարտադրեն մրցունակ ապրանք ու այն կսպառի արևելյան երկրներում:
«Մենք ասում ենք, որ մեր արտաքին առևտրի 48 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիությանը, զգալի մասը` ԱՊՀ երկրներին, հատկապես Ռուսաստանին, բայց մենք պետք է գտնենք ալտերնատիվ աղբյուրներ»,-ասաց բանախոսը, նշելով, որ ԱՊՀ շուկաներում պետք է պատրաստվել դեպի Եվրոպա դուրս գալու համար:
Մակարյանի խոսքով, կառավարությունը մինչ եվրոպական շուկա դուրս գալը պետք է խիստ վերաբերվի բարեփոխումներին, խստացնի պայքարը կոռուպցիայի դեմ, իսկ դրա համար պետք է վերանայվեն բյուջեները, օրինակ պետք է հասնել այն բանին, որ սահմանված համախառն արդյունքը լինի ոչ թե 10-11 մլրդ, այլ 20 մլրդ դոլար:
«Ես մի առիթով ասել եմ, որ 2013 թվականի բյուջեն այն բյուջեն չէ, որով պետք է դրական առումով այս ագրեսիվ քայլերն անի պետությունը` դառնալու մրցունակ երկիր ու զարգացնելու իր տնտեսությունը»,-ասաց մասնագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան