ՀԿ-ԶԼՄ համագործակցային բանաձև
Առաջին հայացքից` կարող է զարմանալի թվալ, որ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների համատեղ գործունեությունն ու գործակցությունը այնքան կայացած չէ, որ այն դեռ նոր միայն պետք է կազմակերպել: Այս առումով պետքական ու արդիական է APRA –ի նախաձեռնությունը` «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում հանդիպում ծրագրին մասնակցող լրագրողների, հասարակական կազմակաերպությունների ներկայացուցիչների և Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակն է ձևավորել ՀԿ-լրատվամիջոցներ ցանց՝ վերջիններիս հետագա արդյունավետ համագործակցության նպատակով:
Թե ինչպիսին կլինի արդյունքը, մեծ բաժնով կախված է, թե որքան անկեղծ կներկայացնեն իրար ՀԿ-ներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները, կհայտնեն փոխադարձ դժգոհությունների մասին դեմ առ դեմ և որքան պատրաստակամ կլինեն համատեղ լուծելու չստացված համագործակցության խնդիրները:
Մենք օրինակ հաճախ ենք ստանում հաղորդագրություններ ՀԿ-ներից, որոնցում կամ սեփական կանոնադրության ներկայացումն է (դրանք անվանվում են` «գովազդ» ու դրվում կողքի), կամ խոստումներ ժողովների ժամանակ, որ ՀԿ-ն այս ու ամեն ինչ կանի (դրանք նույնպես դրվում են կողքի, բայց այլ «մակագրությամբ»` կանեն, կգրենք, կդնենք):
Ասեմ, որ Հայաստանում գրանցված են հազարավոր ՀԿ-ներ, ու ներկա-«պծիչկա» ստանալ, իհարկե, շատերը կուզեին: Կամ էլ մարդիկ աշխատում են, բայց ներկայացնել չեն կարողանում. Ուզում ես ասել` Լավ է, ապրեք, ու… էլի կայքում չթողարկել հաղորդագրությունը:
Լրատվամիջոցներն ունեն իրենց խնդիրները. Որ շատ չխորանամ, ուղղակի ասեմ պարզագույնը` նյութը, որ հայտնվում է կայքում, պիտի լուր լինի: Նորություն: Մոտավորապես, ինչպես թեկնածուականի պաշտպանությունում` իսկ ո՞րն է սրա նորությունը:
Լրատվամիջոցը չի ուզում լինել այն հարթակը, որտեղ ՀԿ-ն կուզեր ընդամենը ներկայացնել որևէ դրամաշնորհի իր արդյունքը, հրապարակումը այնուհետև ուղղակի կցելու իր գրանտային պատմությանը:
Մյուս կողմից, ինչպես ասաց այսօր մի ՀԿ ներկայացուցիչ Կապանից` «Գրանտները հիմնականում մնում են մայրաքաղաքում, իսկ նկատելի արդյունք ունենալու համար ՀԿ-ն պիտի գումար ձեռք բերի»:
Հանդիպմանը ես առաջարկեցի համագործակցության մի տարբերակ, որ կարծում եմ աշխատող ՀԿ-ները կօգտագործեին: Հիմնականում` որևէ խնդրի լուծման համար դրամաշնորհ ստանալու համար ՀԿ-ն պիտի անի նաև խնդրի նախնական հետազոտություն: Կամ ինքնուրույն փորձի վեր հանել խնդիրները և դրանց տալ այնպիսի տեսք, որ արդեն դրանց լուծման համար «գրանտ» ստանա:
Եկեք վերանանք սուտ ու անարդյունք ու անօգուտ գրանտների մասին մտքերից, կամ` ինչ են ու ով են լրատվամիջոցներն այսօր Հայաստանում, ու վերադառնանք դրանց մաքուր, գաղափարական ակունքներին. լրատվամիջոցի և ՀԿ-ի ընդհանուր նպատակներից է հասարակական խնդիրները վեր հանելն ու տեսանելի դարձնելը, դրանց լուծումները «հրահրելը»:
Կյանքն ու խնդիրները մայրաքաղաքում ու մարզերում` ձոր ու սար: Մյուս կողմից` տեղում ունենալ լրագրողներ, կամ գրել մարզերի մասին` ոչ հյուրի կարգավիճակով, այնքան էլ իրատեսական չէ:
Մարզային ՀԿ-ները, որ առանց այն էլ չեն կարողանում գրանտներ թռցնել մայրաքաղաքի գլխի վրայից, կրկնակի անգամ այդպիսով չերևացած են մնում ու չլուսաբանված:
Նկատում եք, երևի, որ շրջանակը գնալով փոքրացնում եմ.
Հիմա` եթե մարզային ՀԿ-ն հրաժարվի որևէ խնդիր մոնիտորինգելու, կարիքները հետազոտելու ու ներկայացնելու մասը մտցնել ամենայն հավանականությամբ այդպես էլ չստանալիք գրանտի մեջ, այլ դրանք տա իր անունից լրատվամիջոցներին, սրանով կլուծվի նախնական մի-երկու հարց`
- Լրատվամիջոցը կունենա մարզային խնդիրների վերհանում` հենց տեղից, որոնք արդեն կլինեն լուրերի տեսքով
- Մարզային ՀԿ-ն կունենա ներկայացվածություն ԶԼՄ-ներում ու այդպիսով` հնարավորություն` գործուն ու գործող երևալու, որևէ գրանտային մրցույթին այնուհետև մասնակցելու ավելի մեծ հնարավորությամբ ևս
- Գրանտ ստանալու դեպքում, ՀԿ-ն կունենա նախապատմություն` և իր գործունեության, և լրատվամիջոցների հետ համագործակցության
-Լրատվամիջոցը մասամբ կլուծի իր մարզային լուրերի վակոումը (այստեղ թերևս խնդիր է ՀԿ-ի` հասարակական պատասխանատվությամբ արած լուրերի ու իրական խնդիրների «պասի» հարցը, բայց ժամանակի հետ, կարծում եմ, կկազմվեն իրար փոխադարձ վստահող խմբեր):
Ի՞նչ կասեք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները