Ֆլորա Մարտիրոսյանի դուդուկին հավասար մեղմածոր ձայնը միշտ կմնա մեր ականջներում...
Panorama.am-ը տեղեկացրել է , որ այսօր առավոտյան Ամերիկայի Միացյալ Նահանգներում 55 տարեկանում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Տաղանդավոր երգչուհու մահն անսպասելի էր բոլորի համար, ոչ ոք չի ուզում ընդունել իրականությունը: Երգչուհու մահվան լուրը ցնցեց թե հարազատներին, թե ընկերներին, թե երկրպագուներին: Անկախ տարիքից բոլորը ցավում են երգչուհու մահը, և այն, որ նմանատիպ ձայն ունեցող տաղանդավոր երգչուհին բավականին շուտ հեռացավ կյանքից, մեզանից: Դեռ որքան անելինքեր ուներ...Լինելով բարեգործական Artists For Peace կազմակերպության հիմնադիր` 2015թվականին 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-ամյակին նվիրված մեծ համերգ էր նախաձեռնել...
Սիրված երգչուհու անժամանակ մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել նրա ընկերները:
«Ես ոչ մի կերպ չեմ համակերպվում այն մտքի հետ, որ այսօր հեղեղել են կայքերը, հեռուստատեսությունը՝ իրականությանը համապատասխանում է: Նա եզակի արտիստներից է, որ երբեք չի դավաճանել հայ երգը, երբեք չթուրքականացրեց իր երաժշտությունը, երբեք չգնաց կոմպրոմիսի, չհեշտացրեց իր գումար վաստակելու ձևերը և անդավաճան մնաց հայ երգին: Ֆլորան նույնիսկ ԱՄՆ-ում Կոմիտասի անունը կրող երաժշտական դպրոց բացեց, որը խոհրդանշական է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը և ավելացրեց.
«Չափազանց մեղմ, կանացի, նուրբ, հումորով մարդ ենք կորցրել: Ես կորցրել եմ ընկերոջ և մեծ արտիստի, որի մեղմածոր ձայնը դուդուկին հավասար միշտ կմնա իմ ականջներում»:
Երգահան, կոմպոզիտոր Արա Գևորգյանը նշեց, որ հայ ազգը կորցրեց հրաշալի մի երգչուհու, հրաշալի մի անձնավորության: «Ինձ բախտ է վիճակվել համագործակցել Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Մենք միասին ստեղծեցինք «Դլե յաման» երգի նոր տարբերակը, որը Ֆլորան փայլուն կատարում էր: Դրան հաջորդեց իմ գրած «Հայրենիքիս» երգը, որը նույնպես նա փայլուն կատարեց: Նա շատ հայենասեր էր և ամեն ինչ անում էր, որ հայ երգը հասանելի դարձնի բոլորին: Նրա մեջ կրակ կար և համառորեն անընդհատ ներկայացնում էր հայկական երգն ու երաժշտությունը»,- ասաց Ա.Գևորգյանը:
Երգահանի խոսքերով՝ որոշել էին ուժերը միացնել և երաժշտության միջոցով Հայոց ցեղասպանության հարցը ճանաչելի դարձնել: «Ցավակցում եմ նրա հարազատներին, մտերիմներին, նրա երկրպագուներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում»,- նշեց Ա.Գևորգյանը:
Երգչուհի Քրիստիեն Պեպելյանն էլ իր ֆեյբուքյան էջում գրել է. «Այս ինչ կատարվեց, ես ի վիճակի չեմ ընկալելու իրականությունը: Մեր տիկին Ֆլորան….մեր հպարտությունը, մեր ազգի պարծանքը: Ես չեմ ուզում ու չեմ կարող հավատալ, որ իմ դասատուն, իմ բարեկամն ու ավագ ընկերը հեռացավ: Անպատմելի է այն ցավը, որ զգում եմ հիմա…….չեմ ուզում հավատալ, չեմ ուզում……»:
Դերսասան Հրանտ Թոխատյանը ֆեսյբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «...Այստեղ` Լոսում, Ֆլորան կողքս էր, իսկ հիմա այսքան հեռու...բայց էլի կողքիս...մեկնեց անվերադարձ հյուրախաղերի...իր երգը տարածելով տիեզերքում....Ծափահարում եմ քեզ Ֆլորա ջան...կգա օրը, ու ես էլի կլինեմ քո ունկնդիրը....»: