Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին վերադարձել է հայրենիք
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, շուրջ 5 տարի հետախուզման մեջ գտնվող Իրակլի Օկրուաշվիլին այսօր առավոտյան վերադարձել է Վրաստան: Այս մասին, ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին:
Վրաստան ժամանելուն պես Օկրուաշվիլիին ձերբակալվել են:
«Ես կարծում եմ, որ Օկրուաշվիլիի վերադարձը Վրաստան բացատրվում է այն հանգամանքով, որ նա ցանկանում է երկրի ներսում ապացուցել իր անմեղությունը: Մենք չպետք է մոռանանք, որ նրան փաստացի դուրս արեցին Վրաստանից, ուժով նստեցնելով ինքնաթիռ», - ասել է Ցուլուկիանին:
Արդարադատության նախարարն ասել է նաև, թե իր անձնական կարծիքով, նախկին նախարարը քաղաքական հետապնդումների է ենթարկվել Սաակաշվիլիի վարչակազմի կողմից, ինչը սակայն չի նշանակում, որ նախարարն ինքնաբերաբար անմեղ կճանաչվի:
Նշենք, Իրակլի Օկրուաշվիլիին 2008 թ-ի մարտի 28-ին հեռակա կարգով դատապարտել էր 11 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով: Դրանից հետո, նախկին նախարարը քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում: Վերջին տարիների ընթացքում Օկրուշավիլին բազմիցս հայտարարել էր հայրենիք վերադառնալու և «Սաակաշվիլիի ռեժիմը տապալելու մասին»: