Ընդդիմությանը գոհացնում է ԲՀԿ-ի խամաճիկի դերը
Նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն հայտարարեց 100% համամասնական ընտրահամակարգին և խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունների մասին, երկու օր անց ՀՅԴ-ն հրապարակեց իր 7 կետից բաղկացած քաղաքական պլատֆորմը, որի առաջին երկու կետը համընկան ԲՀԿ-ի օրակարգի հետ: Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է. «Բնականաբար, չկան այնպիսի միամիտներ, որոնք կարծեն, թե այդ համընկնումը պատահական էր, ՀՅԴ-ն գիտակցաբար իր օրակարգը հարմարեցրեց այլընտրանքի օրակարգին` միավորվելով մի քաղաքական ուժի հետ, որին ժամանակին անվանել էր «պլուտոկրատական» (պլուտոկրատիան փողի վրա հիմնված քաղաքական իշխանությունն է)»:
Թերթը հիշեցնում է, որ 2005թ-ին այդ նույն ՀՅԴ-ն միահամուռ կողմ քվեարկեց Սահմանադրության մեջ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների օրինագծին: Նույն անսկզբունքային պահվածքը «ГА»-ն արձանագրում է նաև ԲՀԿ-ի «դուդուկի տակ պարող» մեկ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի` ՀԱԿ-ի մոտ:
Թերթը հիշեցնում է, որ երբ ՀՀՇ-ի կառավարման օրոք Վազգեն Մանուկյանն առաջարկեց նախագահական կառավարման ձևից անցնել խորհրդարանականի, ՀՀՇ-ի ղեկավարները հայտարարեցին, որ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրի համար խորհրդարանական կառավարման ձևին անցնելը հավասարազոր է «հայրենիքի դավաճանության»: «Այսօր ոչինչ չի փոխվել, Հայաստանը գտնվում է սառեցված ռազմական հակամարտության մեջ, սակայն ՀԱԿ-ը մեծ ոգևորությամբ պատրաստակամություն է հայտնել ԲՀԿ-ի հետ քննարկել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու հարցը»,-գրում է թերթը` նկատելով, որ նույն երկակի ստանդարտների ռազմավարությունը կիրառում է նաև ԲՀԿ-ն: 2011թ-ին ստորագրելով գործող նախագահին սատարելու վերաբերյալ հուշագիրը` Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե բոլոր քաղաքական ուժերը պետք է համախմբվեն` գործող նախագահի շուրջ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար. «Այսօր, ցավոք սրտի, այդ արտաքին մարտահրավերներից և ոչ մեկը չի վերացել, սակայն ԲՀԿ-ն փորձ է անում հետ կանգնել իր ստորագրությունից և գնալ քաղաքական սպեկուլյացիաների»: