Փակված է Վ. Օսկանյանի առաջադրման հարցը, քննարկվում է միայն Ծառուկյանինը
«Հրապարակը» հիշեցնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրեր առաջ հայտարարում էր, թե նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին իրենց որոշումը կարող են ընդունել նաև կուսակցության քաղխորհրդի նիստում` պարտադիր չէ համագումար անելը:
Սակայն, ըստ թերթի տեղեկությունների, այժմ լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է համագումարի: Դիտորդները կարծում են` եթե ԲՀԿ-ն համագումար անի, ապա դրա նպատակը հանդիսավոր պայմաններում սեփական թեկնածուով հանդես գալու մասին որոշումը կայացնելու համար է: Թեև չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դրվում նույն` սեփական ակցիաները բարձրացնելու նպատակով: «Երբ որ ունենանք համագումար անելու որոշում, լրատվամիջոցներն այդ մասին կիմանան»,- թերթի հարցին ի պատասխան ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Ի դեպ, ԲՀԿ շրջանակները նշում են, որ փակված կարելի է համարել Վարդան Օսկանյանի առաջադրման առաջարկը, այժմ քննարկվում է միայն Ծառուկյանի առաջադրման հարցը»,-հավելել է թերթը: