Հ.Թովմասյան. ՔԿՀ-ներում առկա խնդիրները բազմաշերտ են
Այցելությունների արդյունքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրել ենք դրական փոփոխություններ` գրադարաններ և այլն, սակայն կան բազմաթիվ թերություններ, որոնց հետ կհամաձայնի նաև արդարադատության նախարարը: Ազգային Ժողովում «Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների մեկնարկին հայտարարեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Նախարար Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ ոլորտում առկա խնդիրները բազմաշերտ են, իրենց վրա կրում են խորհրդային բանտային համակարգի բոլոր բացասական կողմերը, և այս մասին նա հայտարարել է դեռևս տարիներ առաջ, երբ ստանձնեց արդարադատության նախարարի պաշտոնը: Հ. Թովմասյանը հավաստիացրեց, որ ինքը բավականին լավ ու լիարժեք տիրապետում է այն իրավիճակին, խնդիրներին, բացթողումներին և այլն, որ կան ՔԿՀ-ներում, բայց և ընդգծեց. «Ես հակված չեմ այս ոլորտում կոսմետիկ լուծումների, այլ կողմնակից եմ հեռահար նպատակներով խնդիրների լուծման»,- նաև հավելեց, որ նշանակման առաջին իսկ օրվանից պատրաստ է եղել լսել քննադատություն իր հասցեին:
Վերջին երեք-չորս տարիների ընթացքում, տեղեկացրեց Հրայր Թովմասյանը, Հայաստանի ՔԿՀ-ներում սպանության որևէ դեպք չի գրանցվել` բանտային կառավարումն այս իմաստով դրական միտում է արձանագրել: Այո, դատապարտյալները բողոքում են բանտային համակարգից ու բանտի ադմինիստրացիայից ու նաև նրանից, որ ադմինիստրացիան ոչ պատշաճ կերպով է վերաբերում դատապատրտյալներին: Նախարարը նշեց, որ աշխարհի որևէ ՔԿՀ ձերբազատված չէ այդ երևույթից, բայց աշխատանքը տարվում է նորմալ , որի արդյունքն էլ այն է, որ միայն այս տարի 2607 կտրող-ծակող գործիք է բռնագրավվել ՔԿՀ-ներում:
«Մենք ունենք 13 ՔԿՀ, որտեղ պահվում է շուրջ հինգ հազար դատապարտյալ: Մեկ դատապարտյալի հաշվով տարեկան պետական բյուջեից ծախսվում է շուրջ երեք հազար ԱՄՆ դոլար»,- տեղեկացրեց նախարարը:
Արմավիրի 400 հոգանոց ՔԿՀ-ի կառուցման պարագայում արդեն հաջորդ տարվա սեպտեմբերին հնարավոր կլինի որոշակիորեն լուծել օրակարգային խնդիրներից մեկը` քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը:
Խնդիր է նաև կադրերի պատրաստումը, մասնավորապես բանտային բժիշկների պակասը: Արդարադատության նախարարը նշեց, որ տևական ժամանակ է Վանաձոր ՔԿՀ-ում բժիշկ չկար, պատճառն էլ, պատմեց նա, հավանաբար այն է, որ ՄԻԱՎ-ով հիվանդ դատապարտյալը ահաբեկում էր բոլորին ու իր արյամբ լի ներարկիչով սպառնում աշխատողներին: